Թմրանյութերի մատակարարները վերջին շրջանում իրացման հնարամիտ տարբերակներ են կիրառում՝ թմրամիջոցը թաքցնելով ապրանքներում: Մինչդեռ իրավապահները նրանց, այպես ասած, նորարարությունն էլ են բացահայտում: Թաքցված թմրանյութի առկայությունը փորձագիտական կենտրոնում բացահայտում են մի քանի րոպեում:
Սեղանին դրված այս քաղցրեղենը, տիպերն ու էլեկտրոնային ծխախոտները թմրամիջոց են պարունակում: Արտադրողները, փորձելով դրանք ավելի գայթակղիչ ներկայացնել, սպառողին հասցնում են դիզայներական ամենատարբեր մտահղացումներով: Այժմ այս նմուշները հետազոտվում են Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում: Փորձագետի ինքնությունը, անվտանգությունից ելնելով, չենք ներկայացնում:
Օրինակ՝ սա դեղահաբի տեսքով է, մեջը թմրամիջոց է պարունակում, բայց էս նույն դեղահաբի էդ թմրամիջոցը պատրաստում են կոնֆետների տեսքով, որոշակի արոմատներ էլ են տալիս, նույնիսկ հաշիշի յուղի հետ էլ հոտային բուրմունքային ինչ-որ բաղադրատարր են տալիս, որպեսզի էդ դառնահամությունը կորչի:
Հայտնաբերելով նմանատիպ թմրամիջոցներ՝ իրավապահները դրանք ուղարկում են Փորձագիտական կենտրոն՝ բաղադրությունը պարզելու:
Ամիսը մեկ նոր ինչ-որ երևույթ է ի հայտ գալիս, նույնիսկ ես փորձաքննության եմ ենթարկել էս վերջում. հագուստներ էին ծանրոցով բերել, էդ հագուստները ամբողջությամբ ներծծված էին թմրամիջոցներով:
Նախնական վերլուծությունից հետո թմրանյութը տանում են լաբորատորիա՝ փորձաքննության։ Այս պահին ստուգվում է դոնդողատիպ կոնֆետի բաղադրությունը։ Մոտ 30 րոպեից պարզվեց՝ առկա է տետրահիդրոկանաբինոլ տեսակի թմրամիջոց, որը կանեփի հիմնական բաղադրատարրն է:
Տարբեր թմրամիջոցներ տարբեր ազդեցությունն են ունենում մարդու առողջության վրա. դրանք բացասաբար են անդրադառնում գրեթե բոլոր օրգանների և օրգան-համակարգերի վրա:
Անի Վարդանյան (ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոնի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ) - Սա ընդգրկում է նաև այնպիսի տեսակներ, այնպիսի միջոցներ, որոնք կարող են ավելի քիչ վնասակարության տպավորություն թողնել, և, ըստ էության, ենթադրենք՝ պարզապես իրենց հոգեկան վիճակը կարգավորող որոշակի էֆեկտիվ միջոց, հետևաբար դրա արդյունքում շատ ավելի ընդգրկուն մասսաներ, ընդգրկուն մարդկանց խմբեր ներառել, այդ թվում՝ նաև դեռահասության, պատանեկության տարիքի անձանց: Դա, ըստ էության, բավականին վտանգավոր երևույթ է, որովհետև ստացվում է՝ մենք ունենք տարիքային ցուցանիշի նվազում:
Ի դեպ՝ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ թմրամիջոցների գործածումից առաջնահերթ ախտահարվում է մարդու գլխուղեղը, ինչի հետևանքով առաջանում է կախվածություն՝ թմրամիջոցի հերթական չափաբաժինը գործածելու պահանջ։ Թմրամիջոցների չարաշահման պատճառով կարճ ժամանակում անձը կորցնում է հմտությունները, հետաքրքրությունները, հոգեկան և ֆիզիկական առողջությունը։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան