Դպրոցի տնօրեն նշանակելու նոր կարգը գործելուց հետո պաշտոնի թեկնածուներից շատերի ներկայացրած զարգացման ծրագրերը դրական եզրակացություն չեն ստանում, ինչն էլ պատճառ է դառնում, որ փորձեր արվեն խնդիրը միջնորդություններով լուծել: Դրան ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած միջնորդության փորձ այս գործընթացում աշխատելու է ոչ թե կողմ, այլ դեմ։ Իսկ ծրագրերն այլոց մոտ գրել տալու, գրագողության փորձերը կասեցնելու ենք հենց սկզբից:
Առաջարկում եմ կենտրոնանալ բովանդակային աշխատանքի վրա, դա է հաջողելու միակ ճանապարհը։
«Ում են դիմում և որտեղից են գալիս այդ միջնորդությունները»,- հարցրինք նախարարին:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չեմ բացահայտել. մենք ապրում ենք մի հասարակությունում, ցավոք, որտեղ դեռ պետք է բավական ճանապարհ անցնենք՝ հասկանալու, որ օրենքը, ընթակարգերը գործում են, նշանակություն ունեն, և եթե կան կարգեր, այլևայլ ճանապարհներ պետք չէ փնտրել: Էնպես որ այդ միջոցները, որ փորձեր են արվում գործադրվել, ամենատարբեր տեղերից են:
Նախարարն ընդգծում է՝ զիջումներ չեն լինելու, սկզբունքային և խիստ հետևելու են, որ ամեն ինչ արվի ըստ ընթացակարգի: Պատվիրված ու գրագողություն պարունակող զարգացման ծրագրերի մասին նրա հայտարարությունն էլ հիմնված է օրինակների վրա:
Կարծում եմ, որ համապատասխան հանձնաժողովն իր առաջիկա նիստում հստակ եզրակացություն կտա այդ ծրագրերի վերաբերյալ և դրանք ներկայացնող անձանց աշխատանքի:
Բացի դրանից՝ գերատեսչությունը փոփոխություն է նախաձեռնել հավաստագրի տրամադրման կարգում: Նախատեսվում է գրագողությունը հաստատվելու դեպքում անձին զրկել հավաստագրից, որի առկայությունը պարտադիր պայման է դպրոցի տնօրեն դառնալու համար: Գրագողություն պարունակող ծրագրերը, Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ, քիչ չեն՝ բացահայտված դեպքերը մոտ 30 տոկոսի են հասնում:
Հիշեցնենք, դպրոցների տնօրենների լիազորություններն ավարտվելու դեպքում գործում է տնօրենների նշանակման նոր կարգը։ Ըստ այդմ՝ տնօրենի պաշտոնին հավակնողների առաջարկած զարգացման ծրագրերը նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը եզրակացություն տալուց առաջ ուղարկում է անկախ փորձաքննության, իսկ սահմանված շեմը չհաղթահարած անձանց հետ պայմանագիր կնքվել ուղղակի չի կարող։ Արդեն իսկ իրականացված փորձաքննությունները ցույց են տվել, որ զարգացման ծրագրերի որակը շատ հեռու է բավարար լինելուց, դիմողների ճնշող մեծամասնությունը չի հաղթահարում շեմը, փաստորեն հաճախ նաև գրագողության պատճառով: Մինչդեռ, հանրակրթության կառավարման ոլորտում կատարված փոփոխությունների համաձայն, տնօրեններն այսուհետ պատասխանատու են միայն կրթության որակի համար և ոչ վարչատնտեսական աշխատանքների:
Հեղինակ՝ Աննա Զախարյան