«Վագներ» մասնավոր ռազմականացված ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է Ռոստովի ռազմական օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին. նա հերթական տեսանյութն է հրապարակել, այս անգամ` Դոնի Ռոստով տեղակայված Հարավային ռազմական շրջանի շտաբից:
«Մենք շտաբում ենք. առավոտյան 7:30 է: Մեր վերահսկողության տակ են Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում` օդանավակայանը: Ռազմական առաքելություն իրականացնող ինքնաթիռներն առանց խնդիրների հեռանում են, նույնը սանիտարականների դեպքում է: Մենք ընդամենը վերահսկում ենք, որպեսզի գրոհային ինքնաթիռները հարվածներ հասցնեն ոչ թե մեր, այլ ուկրաինացիների ուղղությամբ»,- հայտարարել է նա` հավելելով, որ գլխավոր շտաբը, հրամանատարական կետը աշխատում է իր սովորական ռեժիմով, որևէ մեկի աշխատանքը չի դադարեցվել:
Ռոստովի ռազմական շտաբում ՌԴ պաշտպանության փոխնախարար Եվկուրովի ու ԳՇ պետի տեղակալ Ալեկսեևի հետ զրուցելիս Պրիգոժինը պահանջել է Շոյգուին ու Գերասիմովին: Հակառակ պարագայում նա խոստացել է շարժվել Մոսկվա։