ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներմուծման երկու փորձ:
«Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին են ժամանել ՀՀ քաղաքացիներ` հայր և որդի Ս. Գ.-ն և Ա.Գ.-ն իրենց մարդատար տրանսպորտային միջոցներով։ Մաքսային տեսուչի հարցմանը՝ արդյոք վերջիններս ունե՞ն հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացիները պատասխանել են, որ չունեն: Հսկողություն իրականացնելու նպատակով մեքենաներն ուղարկվել են խոր զննման անգար: Արդյունքում՝ առաջին մեքենայի պահեստային հետևի նստատեղի և գազաբալոնի միջև գտնվող հատվածից և հետևի կողային դռների միջից՝ պաստառի տակ, հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ` տարբեր տեսակի և արտադրության դեղամիջոցներ, դեղորայքի դատարկ տուփեր՝ 41 կգ ընդհանուր քաշով։
Հաջորդ մեքենայի կողային դռների միջից` պաստառի տակ, հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի և արտադրության դեղամիջոցներ և դեղորայքի դատարկ տուփեր՝ 40,5 կգ ընդհանուր քաշով։
Ապրանքները վերցվել և ի պահ են հանձնվել «Տրանս ալյանս» ՍՊԸ մաքսային տերմինալի պահեստ:
Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ: