Շենգավիթի թիվ 143 մանկապարտեզի երեխաները արդեն նոր բակում են խաղում։ Երևանում հերթական մանկապարտեզն է հիմնանորոգվել և վերաբացվել: Տնօրենի խոսքով՝ նախակրթարանը կառուցվել է ավելի քան 55 տարի առաջ, որից հետո միայն մեկ անգամ կոսմետիկ վերանորոգվել է: Ըստ Ռուզաննա Դանիելյանի՝ կառույցն իսկապես նորոգման կարիք ուներ՝ տանիքից կաթում էր, ընդհանուր շենքային պայմաններն էլ վատն էին: Արդեն հիմնանորոգված մանկապարտեզ երեխաներն ու աշխատողներն ավելի հաճույքով են հաճախում:
Ռուզաննա Դանիելյան (Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրեն) - Մանկապարտեզում նորոգման աշխատանքներն ընդգրկել են նկուղից մինչև տանիք: Շենքը նաև ամբողջությամբ ջերմամեկուսացվել է, մանկապարտեզում անցկացվել է օդափոխության համակարգ, տեղադրվել էներգախնայող լուսատուներ:
Նորաբաց մանկապարտեզում փոքրիկ Արեգի առաջին օրն է։ Մեկ տարի սպասելուց հետո նորից այստեղ է: Ոգևորված է, հավանել է ճաշերը, փորձում է նոր ընկերներ գտնել։
Արեգի մայրիկի խոսքով՝ տղան այլ մանկապարտեզից էր, որը վերանորոգման նպատակով փակվեց, և քանի որ վերաբացումը երկարաձգվեց, որոշեցին այս մանկապարտեզն ընտրել: Խոստովանում է՝ թե՛ ինքը, թե՛ Արեգը շատ էին սպասում նորից մանկապարտեզ հաճախելուն:
Արմինե Արսենյան (ծնող) - Բալիկս առաջին օրն է հաճախում, բավականին գոհ եմ վերանորոգումից, հատկապես այդ հակահրդեհային աստիճանները անվտանգությունն ապահովող, ինչպես նաև բակում դրված են աղբամաններ պլաստիկի, ապակյա և թղթի տարանջատված: Դա շատ ուսուցողական է:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի խոսքով՝ փորձում են այնպես անել, որ մանկապարտեզների արտաքին տեսքն ու կրթական միջավայրը համահունչ լինեն: Տիպային այս մանկապարտեզի կառուցման համար քաղաքապետարանը 275 մլն դրամ է հատկացրել: Հիմնանորոգվել են նաև խոհանոցը, բուժկետը, երգի և ֆիզկուլտուրայի դահլիճները:
Մարգարիտա Խաչատրյան (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ) - Անհրաժեշտ բոլոր պայմաններն են ստեղծված՝ և՛ սանիտարահիգենիկ, և՛ անվտանգային, այսինքն՝ բոլոր նորմատիվ կանոնները պահպանված են, և, ինչն ամենակարևոր է, մանկապարտեզը վերաբացվել է երկու խմբասենյակով ավելի, այսինքն՝ շուրջ 60 երեխա ավելի հագեցվածությամբ:
Այսուհետ մանկապարտեզ կհաճախի 260 փոքրիկ: Քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մինչև տարեվերջ նախատեսում են 22 հիմնովին նորոգված մանկապարտեզ հանձնել շահագործման: Ծրագիրը շարունակական է լինելու նաև հաջորդ տարի, այնպես որ, 2025-ի ավարտին մայրաքաղաքի բոլոր 162 մանկապարտեզները ունենան բարելավված պայմաններ և նորացված գույք։
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան