Նախորդ տարվա կամավոր ատեստավորման ժամանակ 0-59 միավոր ստացած և նվազագույն շեմը չհաղթահարած մոտ 780 ուսուցչից վերապատրաստում անցնելու համար դիմել են մոտ 650-ը: Առարկայական այս վերապատրաստումը պարտադիր է հետագա ատեստավորումից առաջ, որը նախատեսված է սեպտեմբերին:
Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Բայց դեռևս ունենք մանկավարժներ, որոնք, թեև հայտագրման փուլը փակվել է, բայց զանգահարում են և նշում են, որ ինչ-ինչ պատճառներով ուշ են տեղեկացել և այլն, խնդրում են թույլ տալ: Մենք էլ բուհերին խնդրել ենք, որ իրենց ևս հայտագրեն, այսինքն՝ մարդիկ հնարավորություն ունենան վերապատրաստման գործընթացին մասնակցել:
Վերապատրաստումներն իրականացնելու է չորս բուհ՝ Երևանում Աբովյանի անվան մանկավարժական և Բրյուսովի անվան համալսարանները, նաև Շիրակի և Վանաձորի համալսարանները:
Արաքսիա Սվաջյան - Հույս ունենք, որ այս ուսուցիչները, որոնք վերապատրաստման հնարավորություն կունենան, կկարողանան արդեն մասնակցել ատեստավորմանը և հաղթահարել անհրաժեշտ շեմը ու ոչ միայն հաղթահարել, այլև ավելի բարձր արդյունքներ գրանցել և արդեն հավելավճար ստանալու հնարավորություն ունենալ:
Նախորդ տարվա կամավոր ատեստավորման արդյունքում ցածր միավոր ստացած ուսուցիչների համար պարտադիր են դառնում ոչ միայն առարկայական վերապատրաստումը, այլև առաջիկա ատեստավորմանը մասնակցելը: Համապատասխան օրենքն ու կարգը նախատեսում են, որ երկրորդ անգամ կամավոր ատեստավորումից նվազագույն միավոր չստացած ուսուցիչները պետք է ազատվեն աշխատանքից, որի համար հիմք է ատեստավորման հանձնաժողովի որոշումը՝ ուսուցչի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին: Նախարարի տեղակալը նշում է՝ հատկապես վերապատրաստումներից հետո անհրաժեշտ շեմը չհաղթահարելը մտածելու տեղիք է տալիս, թե տվյալ ուսուցիչներն ինչպես են դասավանդում իրենց առարկան: Այդուհանդերձ, չի բացառվում՝ ուսուցիչներին ևս մեկ հնարավորություն տալու իրավակարգավորումներ ստեղծվեն:
Արաքսիա Սվաջյան - Ներկայումս քննարկվում է, թե ի՛նչ ճանապարհով ի՛նչ լուծումներ պիտի գտնենք բոլոր այն ուսուցիչների համար, որոնք չեն հաղթահարի:
Ամենամեծ թվով ուսուցիչների կվերապատրաստի Մանկավարժական համալսարանը:
Նաիրա Սաֆարյան (ՀՊՄՀ ուսումնական հարցերով պրոռեկտոր) - Ունենք 354 դիմած ուսուցիչներ՝ տարբեր մասնագիտությունների գծով: 12 առարկայի գծով ձևավորվել են 1-ական խմբեր, իսկ «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաների գծով՝ 2-ական, իսկ ամենաշատ ուսուցիչների թիվը մաթեմատիկայում է՝ ունենք 6 խումբ: Ընդհանուր 134 ուսուցիչ «Մաթեմատիկա» առարկայից:
Մաթեմատիկայի ուսուցիչների թիվը բացատրվում է կամավոր ատեստավորման ժամանակ նրանց ակտիվությամբ: Ի դեպ, բարձր միավորներով նույնպես այս առարկայի ուսուցիչներն էին առանձնացել: Վերապատրաստումների համար նախատեսված է 90 ժամ, կլինեն տեսական ու գործնական պարապմունքներ:
Նաիրա Սաֆարյան - Մենք չպետք է մոռանանք, որ ուսուցիչների հետ գործ ունենք, էնպես չէ, որ շատ մեծ գիտելիքների պակաս ունեն, պարզապես ուսուցիչներ կան, իրոք այդ գիտելիքներն ունեն, բայց քանի որ, ասենք, հիմնական դպրոցի ուսուցիչները արդեն 12 տարի կտրված են ավագ դպրոցի ծրագրային նյութից, հիմնականում ավելի շատ թարմացման խնդիր կա: Պետք է ուղղակի հնարավորինս օգնենք, օժանդակենք, որ կարողանան նաև հաղթահարեն այս կամավոր ատեստավորման շրջափուլը:
Վերապատրաստումների ծրագիրը կազմվել է ըստ դպրոցների առարկայական ծրագրերի, քննական թեստերն էլ ըստ դպրոցական ծրագրի են կազմվում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան