Ադրբեջանը շարունակում է համալրել բանակը նոր զինատեսակներով, այդ թվում՝ հեռահար հրթիռներով՝ հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել նաև անօդաչու թռչող սարքերի գնման վերաբերյալ: Ալիևը նշել է, որ զինված ուժերի զարգացումը Բաքվի առաջնահերթությունն է, քանի որ տարածաշրջանում, նրա խոսքով, նոր սպառնալիքներ են հասունանում, մասնավորապես՝ Հայաստանի տարածքից:
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանն ավելացնում է նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմի թիվը, որոնք կարևոր դերակատարում են ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ: Նրա խոսքով՝ Ադրբեջանը երկար է պատրաստվել այդ պատերազմին և դա երբեք չի թաքցրել:
Անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմը շտապելու անհրաժեշտություն չունի: «Ներկայումս ուժը, ժամանակը ու միջազգային իրավունքը մեր կողմից են։ Միջազգային հանրությունը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Մենք դեռ կարող ենք սպասել»,- նշել է Ալիևը։
ԲԱՅՐԱՄՈՎԸ՝ ԼՂ ՀԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի արտգործնախարարը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հայերին անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Մենք Երևանի կողմից ներկայացվող այդ նախապայմանը չենք ընդունում։ Այդ հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։
Դիվանագետը նաև նշել է՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում որոշակի առաջընթաց կա. նա կարծիք է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել մինչև 2023 թվականի վերջ։ Բայրամովը հավելել է, թե դա կախված է Հայաստանից:
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱԿԱՀԱՄԱՎԱՐԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
Չնայած աշխարհում հակահամավարակային սահմանափակումների չեղարկմանը՝ Ադրբեջանի կառավարությունը հերթական անգամ մինչև հոկտեմբերի 2-ը երկարաձգել է կարանտինային ռեժիմը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը: Հատուկ ռեժիմի երկարաձգման պատճառների մասին մանրամասներ չեն նշվում:
Բաքուն հակահամավարակային ռեժիմ է սահմանել դեռ 2020 թվականի մարտին: Ադրբեջանը միակ երկիրն է, որի ցամաքային սահմանները կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր փակ են:
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ
Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակող գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ պետական նավթային ընկերության անվտանգության վարչության աշխատակիցները հայտնել են, որ վարչությունն այլևս SOCAR-ի ենթակայության տակ չէ: Այն փոխանցվել է մասնավոր GESCO ընկերությանը։
Բողոքի ակցիայի մասնակիցներին մտահոգում է, որ փոփոխությունների պատճառով աշխատավարձերը կարող են կրճատվել:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ԲԱՅՐԱՔԹԱՐ» ԱԹՍ-ՆԵՐ ԿԱՐՏԱԴՐՎԵՆ
Թուրքական Baykar ընկերությունն Ուկրաինայում Bayraktar մարտական անօդաչու թռչող սարքեր կարտադրի։ Ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը տեղեկացրել է, որ գործարանը կբացվի 2025 թվականին:
Ուկրաինական մասնաճյուղի գործարկման համար թուրքական ընկերությունն ընդհանուր առմամբ ավելի քան 95 մլն դոլար է հատկացրել։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել էր, որ Ուկրաինայի տարածքում նման գործարանի կառուցման դեպքում այն կհայտնվի ՌԴ զինված ուժերի թիրախում։
ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Մայիսին անցկացված Թուրքիայի նախագահի ընտրություններում Ռեջեփ Էրդողանի մրցակից, ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է ձերբակալվել` երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով: Քաղաքական գործչի դեմ դատական 28 հայց է ներկայացվել: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել մինչև 110 տարվա ազատազրկման:
Լրատվամիջոցների տվյալով՝ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը Քըլըչդարօղլուին մեղադրում է, մասնավորապես, Էրդողանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը սատարելու համար: