Թուրքիայի Կենտրոնական բանկը հունիսի 22-ին միանգամից 6.5 տոկոսով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5-ից դարձնելով 15 տոկոս։ Սա արվել է 40 տոկոս գնաճը զսպելու համար: Տոկոսադրույքը 2 տարվա ընթացքում առաջին անգամ է բարձրացվել և այժմ հասել է 2011 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույնի:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Շուկայի մասնակիցները սպասում էին, որ առաջին քայլը 20 տոկոսի կհասցնի Թուրքիայի ԿԲ-ն տոկոսադրույքը, բայց դա տեղի չունեցավ, ավելի քիչ բարձրացրեց՝ 15 տոկոս կազմեց, էս առումով Թուրքիայի դրամավարակային իշխանությունները ավելի դանդաղ են շարժվում, քան սպասում էր շուկան, և մյուս կողմից` սա, բնականաբար, բավարար չէ այն մարտահրավերներին արձագանքելու համար, որոնց Թուրքիան առերեսվել է:
Որոշման նույն օրը թուրքական արժույթը հերթական հակառեկորդն է գրանցել՝ առաջին անգամ 1 դոլարի դիմաց հասնելով 24 լիրայի:
Նարեկ Օհանյան (Հայաստանի ամերիկյան համալսարանի տնտեսագիտության դասախոս) - Քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը սպասվում է, որ կթուլացնի լիրայի արժեզրկումը, ու սա, հավանաբար, նաև կբերի գնաճի մեղմմանը, քանի որ անվանական փոխարժեքի արժեզրկումը բերում է ներմուծված ապրանքների գնաճին տնտեսության մեջ և դրամավարկային քաղաքականության գործիքներից մեկն է, որը օգտագործվում է ԿԲ-ի կողմից գնաճը իջեցնելու նպատակով:
Ըստ Թուրքիայի կենտրոնական բանկի հայտարարության՝ դրամավարկային խստացումը կուժեղացվի այնքան, որքան անհրաժեշտ է ժամանակին և աստիճանաբար 5 տոկոս գնաճի թիրախին հասնելու համար:
Նարեկ Կարապետյան - Եթե գնահատվում է 40 տոկոս գնաճ, ուզում են այդ գնաճը չեզոքացնեն, պետք է աստիճանաբար տոկոսադրույքը մոտեցնել գնաճի, դա է բանալին գնաճի դանդաղման, բայց 40 տոկոս վերաֆինանսավորման տոկոսադրույքն էլ նշանակում է տնտեսությունը ռեցեսիայի մեջ գցել, դա իրականում շատ ծանր հարված է ու բանկային ճգնաժամի կարող է հանգեցնել, պարտքային ճգնաժամերի շղթայի:
Նարեկ Օհանյան - Դժվար թե քաղաքականության այս մակարդակով հնարավոր լինի իջեցնել գնաճի մակարդակը և նորանոր քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը անհրաժեշտ կլինի բնականաբար:
Միջազգային հետազոտական ընկերություններն ակնկալում են, որ այս տարվա վերջում Թուրքիայում վերաֆինասնավորման տոկոսադրույքը կբարձրացնեն մինչև 30%:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան