ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին առանց ավելորդ երկարաձգման կատարել 2022 թ. դեկտեմբերի 21-ին կիրառված ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցները, հրատապ կերպով կատարել նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին իրապես կառուցողական և խաղաղ մոտեցում ցուցաբերել հարևան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ, գործադրել բոլոր ջանքերը երկու ուղղություններով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի համար:
Լաչինի միջանցքում չկա ո՛չ ազատ, ո՛չ անվտանգ տեղաշարժի հնարավորություն՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» թեմայով հրատապ քննարկման ժամանակ հայտարարել է զեկուցող Փոլ Գավանը: Ելույթի սկզբում նա տեղեկացրել է, որ վերջերս այցելել է տարածաշրջան, եղել է Հայաստանում, սակայն Ադրբեջանից հրավեր այդպես էլ չի ստացել, ավելին՝ Բաքուն մերժել է նրա մուտքը Լաչինի միջանցք: Նրա խոսքով՝ Բաքվի քայլերի մեջ ծաղրանք կա՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե Լաչինի միջանցք մուտք գործելու համար խոչընդոտներ չկան:
Փոլ Գավան (ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ) - Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը խորանում է՝ ազդելով տնտեսության վրա, խուճապ առաջացնելով մեկուսացման պայմաններում ապրող բնակիչների շրջանում։ Դադարեցվել է սննդամթերքի և դեղորայքի մատակարարումը, մարդիկ չեն կարողանում հրատապ բուժօգնություն ստանալ, կա նաև էլեկտրաէներգիայի և գազի խնդիր։
Տևական ժամանակ Լաչինի միջանցքն արգելափակված էր այսպես կոչված ադրբեջանցի էկոակտիվիստների կողմից, սակայն նրանց շրջանում կային ռազմական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբավորման անդամներ։
Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հայերի նկատմամբ թշնամանք է տարածվում։ Նախագահ Ալիևը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին վերաբերվում է որպես ատելի թշնամիների։ Ադրբեջանի խորհրդարանում էլ հայերին անվանել են «Եվրոպայի քաղցկեղ»։
Գավանը շեշտել է՝ անհրաժեշտ է հատուկ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որովհետև նույնիսկ ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարը, իրավապաշտպան կազմակերպությունների անդամները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները չեն կարողանում մուտք գործել այնտեղ։ «Ինչի՞ց է վախենում Ադրբեջանը, որ մենք ինչ-որ բան կտեսնե՞նք»,- հռետորական հարց է հնչեցրել Գավանը:
ԵԽԽՎ-ում Իսլանդիայի պատվիրակության անդամ Բեգա Տորա Ռենսոնը ևս դատապարտել է այն փաստը, որ Ադրբեջանը խոչընդոտել է Փոլ Գավանի մուտքը Լեռնայի Ղարաբաղ և Ադրբեջան: «Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Բաքուն այլևս հավատարիմ չէ Եվրոպայի խորհրդի արժեքներին։ Հուսով եմ՝ Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, ցույց կտա, որ թաքցնելու ոչինչ չունի և մարդասիրություն կդրսևորի հարևանների նկատմամբ»,- ասել է պաշտոնյան։
Կիպրոսցի պատգամավոր Ջորջ Լուկայդեսն էլ հայտարարել է՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ազդում է հազարավոր մարդկանց կյանքի որակի վրա, ստեղծված իրավիճակը նաև էթնիկ զտման վտանգ է պարունակում:
Ջորջ Լուկայդես (ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության անդամ) - Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ամբողջությամբ կատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և Արդարադատության միջազգային դատարանի ու ՄԻԵԴ-ի որոշումները: Հարկավոր է երկարատև ու խաղաղ քաղաքական լուծում գտնել, ամրապնդել կողմերի միջև վստահությունը, ինչպես նաև հանդես գալ հստակ նախաձեռնություններով, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի շրջանակում:
Ելույթով է հանդես եկել նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, հիշեցրել՝ ամիսներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շրջափակման մեջ է և ավելի քան մեկ շաբաթ՝ ամբողջական պաշարման մեջ:
Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար) - Զավեշտալի է, որ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցով զեկուցողի համար ազատ և անվտանգ մուտք չեն ապահովել, այնպես չէ՞: Իսկ մինչ մենք այստեղ զեկույցում փոփոխություններն էինք քննարկում, Ադրբեջանը բետոնե պատնեշներ էր տեղադրում Լաչինի միջանցքի սկզբնամասում։ Այնպես որ, այժմ միջանցքն անանցանելի է: Իհարկե, ադրբեջանցի գործընկերները կրկին կհերքեն ամեն ինչ։
Դժվար չէ կռահել՝ ինչ է անում Ադրբեջանը: Այդ երկրի կառավարությունը, մի կողմից, շրջափակման մեջ է պահում Արցախի բնակչությանը, մյուս կողմից՝ նրանց անվանում «թշնամի», «քաղցկեղ»: Դիմում եմ Ադրբեջանի պատվիրակ Սամադ Սեիդովին՝ բացատրեք՝ ինչու եք հայերին անվանում «Եվրոպայի քաղցկեղ:
Փոլ Գավանը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման մասին լուրը:
Փոլ Գավան - Եվրամիության դիտորդական առաքելությունից հայտնեցին են, որ Ադրբեջանը ճանապարհի վրա տեղադրել է բետոնե պատնեշներ, ուստի ճանապարհն անանցանելի է։ Հենց այս քննարկման օրը նման լուրեր ստանալը չափազանց ճնշող է:
Սեիդովն արձագանքել է Ադրբեջանին ուղղված ելույթներին և կոչերին, զգուշացրել՝ Բաքվի հասցեին հնչող մեղադրանքները և նման զեկույցներն ու նախաձեռնությունները վնասում են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին և տարածաշրջանի բնակչությանը: Ադրբեջանցի պատվիրակը մեղադրել է նաև Գավանին՝ Ադրբեջանի նկատմամբ խտրական վերաբերմունքի և զեկույցում «Լեռնային Ղարաբաղ» անվանումն օգտագործելու համար: Նա հավելել է, թե հումանիտար ճգնաժամի մասին պնդումներն ընդամենը հայկական կողմի քարոզչությունն է:
Ելույթներին հետևած քվեարկությամբ ԵԽԽՎ-ն, չնայած ադրբեջանական պատվիրակության բազմաթիվ առարկություններին և քննարկումները տապալելու փորձերին, 48 կողմ, 16 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը։
Այն հստակ արձանագրում է՝ Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։ Փաստաթղթում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը:
ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ կատարել ՄԻԵԴ-ի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, հրաժարվել հայերի դեմ թշնամական և սպառնալից հռետորաբանությունից, թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել տարածաշրջան։ ԵԽԽՎ-ն նաև հորդորում է հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով:
Վեհաժողովն ահազանգում է՝ եթե հակամարտությունը լուծում չստանա, ստեղծված անկայուն իրավիճակը կարող է ստիպել հայերին լքել Լեռնային Ղարաբաղը:
Զեկույցն ամփոփում է՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին միայն մարդասիրական արձագանքը բավարար չէ՝ անհրաժեշտ է քաղաքական լուծում: