Արտիմետցի Ռուշանյանների տնամերձ հողը չի ոռոգվում ոչ թե ջրի սակավության պատճառով, այլ փակված առուների։ Տասնյակ տարիներ թե՛ իրենք, թե՛ համագյուղացիները ջրհորներով են իրենց տնամերձերը ոռոգել։ Իսկ հիմա, երբ դրանցում ջրի մակարդակն իջել է, և ոռոգումը դարձել գրեթե անհնար, առուները դարձել են պահանջված։
Գարիկ Ռուշանյան (Արտիմետի բնակիչ) - Մինչև հիմա ջրհոր ունեինք, քիչ-քիչ ջրում էինք, հիմա ջրի մակարդակը նստել է, ջուր չունենք, խնդրում ենք՝ առվի հարցը լուծվի, որ բերքը հասցնենք:
Մոտ 14 տարի արտիմետցիներից շատերը ջրօգտագործող ընկերության հետ պայմանագիր չեն կնքել, հետևաբար ջուր չեն ստացել, բավարարվել են ջրհորներով։ Իսկ առուները տևական անգործությունից լցվել են աղբ ու ավազով։ Արտիմետցիներն ուզում են իրենց առուները մաքրված տեսնել, որ իրենց էլ ջուր հասնի, և հողը ծարավից չչորանա։
Արման Վարդանյան (Արտիմետի բնակիչ) - Ոչ մի բան չի խանգարում, որ ստեղով առու գնա, թող ջրային տնտեսությունը գա, առուն քանդի։
14 տարի առվով ջուր չի հոսել, և որևէ ահազանգ էլ չի հնչել՝ զարմանում են ջրամատակարարները: Խնդիրը բարձրացնում են տարիներ անց և այն էլ՝ ոչ թե առուները մաքրելու սեզոնին՝ վաղ գարնանը, այլ ջրամատակարարման ամենաակտիվ շրջանում, երբ մաքրման աշխատանքներն ավարտված են։
Արտաշես Ասատրյան («Էջմիածին» ՋՕԸ Արտիմետի ջրբաշխ) - Հիմա որ բետոնից առու լիներ, 14 տարվա մեջ քայքայված կլիներ, ինչ մնաց հողից առուն։ Մեկը լցրել է, մեկը բան է ցանել, պահանջ չի եղել, չենք մաքրել։
Էջմիածին ջրօգտագործող ընկերությունը պատրաստ է ջուր մատակարարելու, եթե գյուղացիները պայմանագիր ստորագրեն և առուները մաքրեն։ Բայց, ասում են՝ մաքրողը ՋՕԸ-ն չէ․ գյուղամիջի առուները համայնքային ենթակայություն ունեն, հետևաբար համայնքն էլ պետք է մաքրի։
Հենրիկ Միրզախանյան (Արտիմետի վարչական ղեկավար) - Ես դիմել եմ խոշորացված համայնքի ղեկավարին, տեխնիկա է տրամադրել, բայց հնարավորություն չկար, որ մտներ ստեղ, խանգարող հանգամանքներ կային, չկարողացան գործ անել:
Քանի որ տեխնիկայի աշխատանքն անհնար է եղել, համայնքի ղեկավարությունը որոշել է մաքրման աշխատանքներին ներգրավել բնակիչներին և առուները ձեռքով մաքրել։ Առաջարկը գյուղացներին ոգևորել է, բայց առայժմ ոչ ոք գործին մոտ չի եկել։