Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է ԿԳՄՍՆ 2022 թվականի գործունեությունը և որոշ անհամապատասխանություններ հայտնաբերել: Դրանք վերաբերում են հիմնականում աշխատավարձերի և ուսանողական նպաստների հաշվարկման մեխանիզմին: Մի դեպքում աշխատավարձի տարեկան ֆոնդն ավելի է հաշվարկվել շուրջ 350 մլն դրամով, մյուս դեպքում վճարված պարգևատրումը չի արտացոլվել համապատասխան հոդվածում: Կրթության նախարարը վստահեցրել է՝ առաջիկայում կսկսի գործել հանրակրթության ֆինանսավորման թվայնացված նոր համակարգը, ինչը հնարավորություն կտա խուսափել նմանօրինակ անհամապատասխանություններից:
Հաշվեքննիչ պալատը ԿԳՄՍ նախարարությունում վեց անհամապատասխանություն է արձանագրել. ԱԺ գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը ներկայացրեց պալատի անդամ Գագիկ Բարսեղյանը: Նա ուշադրություն հրավիրեց մանկավարժահոգեբանական անձնակազմի աշխատավարձի տարեկան վճարման վրա:
Գագիկ Բարսեղյան (ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ) - Հաշվարկի ընթացքում նախարարության կողմից ոչ թե կիրառվել է «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, որը հաշվեքննության ընթացքում եղել է 68 հազար դրամ, այլ՝ նվազագույն աշխատավարձի չափը, ավելացված աշխատավարձից հաշվարկվող հարկերը, սոցիալական կամ այլ պարտադիր վճարները, պարգևատրումները և այլ վճարներ։ Արդյունքում՝ աշխատավարձի տարեկան ֆոնդը շուրջ 350 մլն դրամով ավելի է հաշվարկվել։
Այս անհամապատասխանությունը նախարարությունում արձանագրվել է 9 ամիսների ընթացքում։ Հաշվեքննիչ պալատը անհամապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը և կարգավորման առաջարկներն ուղարկել է նաև ֆինանսների նախարարություն, որի վերաբերյալ, սակայն, նախարարությունից որևէ արձագանք չի ստացվել,- ավելացրեց Բարսեղյանը: ԿԳՄՍ-ից պարզաբանում ստացել են, սակայն նրանց չի գոհացրել դա: Մյուս անհամապատասխանությունը վերաբերում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն» ծրագրով ուսանողական նպաստների տրամադրմանը։
Գագիկ Բարսեղյան - Մասնավորապես, բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերում մի շարք դեպքերում բուհերի կողմից ներկայացված տեղեկատվության և նախարարության կողմից կատարված հաշվարկների միջև արձանագրվել են շեղումներ, ընդհուպ մինչև 24 ուսանողի հաշվարկի հարցով։
Ըստ Հաշվեքննիչ պալատի եզրակացության՝ ԿԳՄՍ նախարարությունը չի պահպանել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների հրամանները. վճարված պարգևատրումները չեն դասակարգվել համապատասխան հոդվածով, արդյունքում՝ կրթության ոլորտի ծախսերի հաշվարկային նորմատիվները, ըստ հաշվեքննողների, որևէ իրավական ակտով հաստատված չեն եղել։
Գագիկ Բարսեղյան - ԿԳՄՍ նախարարը սահմանել է աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցը, համաձայն որի՝ մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ ՍԳ1-ը սահմանվել է մոտ 27.500 դրամ, իսկ ՍԳ2-ը՝ 10.828։ Հաշվեքննություն իրականացրած խմբի կողմից կատարված հաշվարկների արդյունքում մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ ՍԳ1-ը, 15.216 դրամ կամ նախարարի հրամանով սահմանվածից 12.290 դրամով պակաս, իսկ ՍԳ2-ը՝ 70.082 դրամ կամ նախարարի հրամանով սահմանվածից շուրջ 38.200 դրամով պակաս։ Հաշվեքննություն իրականացնող խմբին նախարարի հրամանով սահմանված ցուցանիշների հաշվարկի հիմնավորումներ չեն տրամադրվել:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց՝ մանրամասն ուսումնասիրել են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը և իրենց համար ակնհայտ է դարձել, որ այն ձևը, որով ԿԳՄՍՆ-ն վճարել է աշխատավարձեր, պարգևավճարներ, համապատասխանել է Կառավարության որոշմամբ նախատեսված վճարման տրամաբանությանը: Սակայն նախարարը համաձայն է, որ օրենքի որոշ բացերը տարընթերցումներ կարող են առաջացնել:
Վահե Հովհաննիսյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Եվ այդ պատճառով ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել այդ տարընթերցումներից խուսափելու համար խմբագրել Կառավարության որոշումը՝ համապատասխանեցնելու այն նախապես ունեցած նպատակներին։
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն էլ արձանագրեց՝ իրենք ընդամենն առաջնորդվել են ամրագրված մեթոդաբանությամբ, հիմք են ընունել իրավական ակտի կիրառման պահանջները:
Հարցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ արձագանքեց:
Ժաննա Անդրեասյան - Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ՝ տարընթերցումների տեղ է մնացել, բայց մեթոդաբանության կիրառության տեսանկյունից մեզ համար միանշանակ է, որ այդպես էլ պիտի կիրառվեր։ Բայց տարընթերցումներից խուսափելու նպատակով նախագծի փոփոխությունն արդեն շրջանառում ենք, եկող շաբաթ կուղարկենք Արդարադատության նախարարություն՝ փորձաքննության։ Կարծում եմ՝ հուլիսի ընթացքում նախագիծը կընդունենք։
Գալիք ուսումնական տարվանից դպրոցների ֆինանսավորման բանաձևը գործելու է միայն թվայնացված տվյալների հիման վրա, իր ելույթում ասաց նախարար Ժաննա Անդրեասյանը, հույս հայտնեց, որ էապես կբարելավվեն ոլորտի թափանցիկությունը և դպրոցների ֆինանսավորման հետ կապված խնդիրները: Ըստ նախարարի՝ չթվայնացված վիճակն է խնդիրների հիմքը. դպրոցների, նաև մարզպետարանների կողմից ֆինանսական հաշվարկներն իրականացվում են ոչ ճիշտ ձևով, օրինակ, ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերի հաշվարկներում շատ հստակ կամայական մոտեցումներ են հանդես բերվել, երբ մարդը պարապում է 32 ժամ, բայց փաստացի նրան վճարվում է 27-28 ժամի համար։ ԿԳՄՍ նախարարը շեշտեց, որ ներկայումս դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է, որոշ պաշտոններ հանել են, ավելացրել նորերը։
Ժաննա Անդրեասյան - Նորմավորվել է հաստիքացուցակը, դպրոցներ նոր հաստիքներ, օրինակ՝ էլեկտրոնային դասավանդման և տեղեկատվական համակարգերի մասնագետի և հոգեբանի հաստիք է ներառվել։ Սեպտեմբերից սկսած բոլոր դպրոցներում դրանք պարտադիր լինելու են: Ներառական կրթությունն ենք սկզբունքորեն այլ ձևով ֆինանսավորելու:
Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությունները շատ են, միտված են դպրոցներում ավելի որակյալ կրթություն ապահովելուն: