Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի զարգացումը Բաքվի առաջնահերթությունն է, քանի որ տարածաշրջանում, նրա խոսքով, նոր սպառնալիքներ են հասունանում, մասնավորապես՝ Հայաստանի տարածքից:
Ադրբեջանը շարունակում է համալրել բանակը նոր զինատեսակներով, այդ թվում՝ հեռահար հրթիռներով: Մի շարք համաձայնագրեր են ստորագրվել նաև անօդաչու թռչող սարքերի գնման վերաբերյալ, ասել է Իլհամ Ալիևը։
Նա հավելել է, որ Ադրբեջանն ավելացնում է նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմի թիվը, որոնք կարևոր դերակատարում են ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ: Նրա խոսքով՝ Ադրբեջանը երկար է պատրաստվել այդ պատրազմին և դա երբեք չի թաքցրել:
Անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններին՝ Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմը շտապելու անհրաժեշտություն չունի: «Ներկայումս ուժը, ժամանակը ու միջազգային իրավունքը մեր կողմից են։ Միջազգային հանրությունը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Մենք դեռ կարող ենք սպասել»,- նշել է Ալիևը։
Ադրբեջանի արտգործնախարարն էլ Reuters գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հայերին անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Մենք Երևանի կողմից ներկայացվող այդ նախապայմանը չենք ընդունում։ Այդ հարցն Ադրբեջանի ներքին խնդիրն է»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։
Դիվանագետը նաև նշել է՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում որոշակի առաջընթաց կա, Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել մինչև 2023 թվականի վերջ։ Բայրամովը հավելել է, թե դա կախված է Հայաստանից: