44-օրյա պատերազմից հետո պահեստազորի սպաները 7.8 միլիոն դրամի հափշտակություն են կատարել: Պատերազմին բազմաթիվ անձանց մասնակից լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու հանցավոր սխեմայում, ըստ մեղադրանքի, ներառված են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ղեկավարած «Երդվյալ ազատամարտիկներ» և «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի անդամներ:
Բենիամին Հարությունյան (ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ) - Պատերազմից հետո` 2020-ի դեկտեմբերին, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ ղեկավարը տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարություն է տալիս ներկայացնել պատերազմի կամավորագրված և մասնակցած անձանց տվյալները` նրանց Արցախի ՊԲ ղեկավարությանը ներկայացնելու պատերազմին մասնակցության հանգամանքներով հրամանագրման հարցերը լուծելու և հետագայում արդեն վճարման հանգամանքները պարզելու համար:
Ըստ քննիչի՝ ՀԿ Կոտայքի մասնաճյուղի ղեկավար և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ նախագահ Կիմիկ Գիլոյանը ներկայացրել է անձանց տվյալներ, որոնց մի մասը ոչ միայն պատերազմին չեն մասնակցել, այլև այդ ընթացքում Արցախում չեն եղել: Նրա հետ այս գործընթացին մասնակցել է նաև իր տեղակալ Վահե Սարգսյանը:
Բենիամին Հարությունյան - Արդյունքում, ՊԲ-ի 3 զորամասերի ներկայացվել են 74 անձի տվյալներ, որոնցից 21 դեպքում առհասարակ պատերազմին չեն մասնակցել, իսկ մնացած դեպքերում անձինք մասնակցել են պատերազմական գործողություններին, սակայն տեղի է ունեցել պատերազմի մասնակցության օրերի հավելագրում:
Ըստ քննիչի՝ մեղադրյալները այցելել են թշնամու վերահսկողության տակ անցած զորամասերի՝ ժամանակավոր տեղակայման նոր վայրեր եւ, օգտվելով հանգամանքից, որ զինապարտների կամ կամավորների համալրման վերաբերյալ անվանացուցակները բացակայում են, պահանջել են ներկայացված անձանց ներառել զորամասի անձնակազմի ցուցակներում և տրամադրել տեղեկանքներ:
Բենիամին Հարությունյան - Օրինակ, տվյալ տեղեկանքում անձի վերաբերյալ նշվել է, որ վերջինս պատերազմին է մասնակցել 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 22-ը, սակայն տվյալ անձը առհասարակ չի մասնակցել պատերազմին: Մեկ այլ դեպքում մենք ունենք անձ, ում վերաբերյալ նշված է, որ, օրինակ, վերջինս պատերազմին մասնակցել է սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 18-ը, սակայն տվյալ անձը պատերազմին մասնակցել է սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը»:
Այդ կեղծ տեղեկանքները տրամադրվել են զինկոմիսարիատներին, որտեղ էլ, հիմնվելով դրանց վրա, համապատասխան գրառումներ են կատարել զինգրքույկներում:
Բենիամին Հարությունյան - Հանցավոր գործունեության արդյունքում հնարավոր է եղել ընդհանուր վճարված մոտ 12 մլն ՀՀ դրամից հափշտակել 7 միլիոն 800 հազար դրամը:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասի մի մասը` շուրջ 5 միլիոն դրամը, վերականգնվել է: Գործով մեղադրյալ է 6 անձ: Կալանավորված է միայն Վահե Սարգսյանը, որը նախկինում չէր ընդունում մեղքը, իսկ այժմ փոխել է դիրքորոշումը:
Արթուր Սահակյան (Վահե Սարգսյանի պաշտպան) - Այդ պարագայում Վահե Սարգսյանը ուներ 2 ընտրություն` կամ էդ բազմաթիվ տասնյակ անձանց հետ անվերջանալի առերեսումներ իրավական գնահատականների կամ հոսանքին հակառակ չգնալ, ընտրեց 2 տարբերակը:
Ըստ Արթուր Սահակյանի՝ վնասի փոխհատուցման մեջ մեծ դեր ունի իր պաշտպանյալը:
Արթուր Սահակյան - Ներկայացրել է ինչպես իր կողմից վճարված, այնպես էլ իր և այլոց կողմից համատեղ վճարված 11 անդորրագրեր, 2 միլիոնը անձամբ իր մուծածն է: Ստացվում է պրակտիկայում աննախադեպ իրավիճակ, ընդհանուր մեղադրանքը` 7 միլիոնի վնաս է պատճառված, որի շուրջ 66 տոկոսը արդեն նախաքննության ընթացքում վճարված է և դա` շնորհիվ դիրքորոշման, որ ընտրեց Վահե Սարգսյանը:
Սահակյանը բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը երկարաձգելու որոշումը: Մինչդեռ քննիչը նշում է` մեղադրյալներից միայն Սարգսյանն է կալանավորված, քանի որ քննության ընթացքում խախտել է խափանման միջոցի պայմանը՝ անօրինական ազդեցություն գործադրելով վկաների վրա: Հափշտակությունների այս գործի նախաքննությունն ավարտվել է:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան