Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում Տիգրան Առաքելյանի կողմից արդեն իսկ տարածված ուղիղ եթերի շուրջ հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեռևս հունիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ է ստացվել Տիգրան Առաքելյանի կողմից։
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից՝ վերջինս նշել է, որ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում և քննչական մարմնում իր նկատմամբ բռնություն է կիրառվել։ Զանգը ստանալուց անմիջապես հետո Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել ՁՊՎ, հանդիպել են Տիգրան Առաքելյանի հետ։ Առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված բոլոր հարցերը արձանագրվել են և նույն օրն առանձին գրությամբ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով:
«Պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Տիգրան Առաքելյանին քննչական մարմնում խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաձեռնված քրեական վարույթի ընթացքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում»,- ասված է հաղորդագրության մեջ: