ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունել է ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք 30 տարվա պատմություն ունեն և հիմնվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։
Վահե Ղազարյանը կարևորել է ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում դեռևս 2003 թվականից Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունը:
Նա հանգամանորեն ներկայացրել է նաև ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները։
Լորա Քելլին բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցությունը, ողջունել իրականացվող բարեփոխումները և փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնել։
Կողմերը քննարկել են թմրաշրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության աշխատանքները։
Անդրադարձ է եղել նաև ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքներին:
Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացրել է ծառայության գործառույթներն ու կառուցվածքը։
ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է աղետների ռիսկերի կառավարման թեմային:
Խոսել է աղետների վաղ ազդարարման, արագ արձագանքման, աղետների հետևանքների վերացման և, ընդհանուր առմամբ, աղետների ռիսկի ողջ ցիկլի կառավարման խնդիրներից:
Նշել է նաև, որ այդ ուղղությամբ քննարկումներ են եղել USAID-ի հետ, ինչի արդյունքում նախագիծ է ներկայացվել ՀՀ կառավարություն:
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և ամրապնդել երկկողմ արդյունավետ համագործակցությունը։