ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաք՝ մասնակցելու Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը:
Վլադիկավկազում քննարկվել է նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը։
Այցի շրջանակներում՝ Վերին Լարսի անցակետում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Այս տարվա հունիսի 15-ին շահագործման է հանձնվել 15 նոր ուղի, ինչի արդյունքում, այս պահի դրությամբ, գործում է 39 ուղի, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար և 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։
Նոր ուղիների գործարկման արդյունքում օրական թողունակությունը կազմում է մոտ 1500 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմերում հերթերի վերացմանը։ Այցի շրջանակներում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Վերին Լարսի կայուն թողունակության ապահովման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց միջև օպերատիվ փոխգործակցության կանոնակարգ հաստատել: