ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նշել է, որ Ալիևը բանակցություններ է վարում Հայաստանի հետ, սակայն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը և փորձում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը։
«Ալիևի ռեժիմը նույնիսկ չի թաքցնում, որ փորձում է ցեղասպանություն իրականացնել, չի թաքցնում նաև, որ ներխուժել է Հայաստանի տարածք։ Նա ցանկանում է զրկել Արցախի բնակչությանը իր նախնիների երկրում ազատ և արժանապատիվ ապրելու հնարավորությունից։ Սա էթնիկ զտման քաղաքականություն է։
2020 թվականի պատերազմից հետո, ցավոք, քիչ բան արվեց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Ալիևը զգաց, որ կարող է նաև արգելափակել Լաչինի միջանցքը։ Այժմ Վաշինգտոնը պետք է դիվանագիտական բոլոր միջոցներով ճնշում գործադրի Ալիևի վրա՝ դադարեցնելու այս ամենը»,- ասել է Փալոնը։
Նրա խոսքով՝ հիասթափության և մտահոգության մասին համաշխարհային առաջնորդների հայտարարությունները բավարար չեն, դրանք մինչ այժմ չեն դադարեցրել Ալիևի մահաբեր արշավը: