Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման համատեղ մասնակցել են «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի ունեցած «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» դրամաշնորհային ծրագիր բացման միջոցառմանը: Այդ մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանից:
Բացմանը ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, Սյունիքի մարզետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ` Հայկ Կարախանյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ:
Հայաստանում Ճապոնիայի դեսպանության կողմից «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» դրամաշնորհային ծրագրի (51,154 ԱՄՆ դոլար) շրջանակներում Մեղրիի մանկապարտեզը այժմ ունի արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ: Համակարգը հնարավորություն կտա մանկապարտեզին խնայել էներգիա և ստանալ տարեկան 940-1050 դոլար եկամուտ՝ ավելցուկային էներգիան պետությանը վաճառելով:
Միջոցառմանը ելույթ ունեցավ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային ,համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը և «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենը։ Իսկ մեղրեցի երեխաները հյուրերի համար գեղարվեստական համարներ էին պատրաստել։
Հանդիսության մասնակիցները շրջեցին մանկապարտեզում՝ ծանոթանալով ուսուցողական հնարավորություններին, մանուկների հարմարավետ ու ժամանակակից պայմաններին։