ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Գործադիրը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգեց անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը: Ըստ նախարար Մկրտչյանի՝ անկանխիկ գործարքներն աճել են 8 անգամ: 2022-ի հունիսի 525 մլն դրամի փոխարեն 2023-ի մայիսին շրջանառությունը եղել է 4.4 մլրդ դրամ, շահառուների թիվը հատել 114 000-ը:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Մեկ շահառուի համար հաշվարկված միջին ամսական հետվճարի չափը ավելի քան 3 300 դրամ է, ընդհանուր հետվճարի գումարը՝ 2.38 մլրդ, անկանխիկի շրջանառության ընդհանուր ծավալը՝ 28.3 մլրդ դրամ: Սա բավականին նպաստել է, որ կենսաթոշակառուներն անցնեն քարտային եղանակով ստանալուն, ավելի քան 82.2 տոկոսը կենսաթոշակը ստանում է բանկային քարտերով:
Վարչապետի խոսքով՝ ծրագիրը ռազմավարական է, մեծ է սոցիալական ազդեցությունը: Պնդեց՝ գործընթացը շարունակվելու է միշտ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ասում ենք, որ նախորդ տարի կենսաթոշակներն ավելացրել ենք 2 անգամ, համարում եմ՝ 3 անգամ՝ հաշվի առնելով նաև այս էֆեկտը: Հույս ունեմ, որ ևս մեկ անգամ թոշակները հուլիսի 1-ից պետք է բարձրացնենք:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հարցին, թե, չնայած բյուջետային ցուցանիշների աճին, ինչու են կենսաթոշակները, օրինակ, բարձրացվում 3-հազարական դրամով:
Նիկոլ Փաշինյան - Ուրիշ բան է, որ 595 հազարի համար գումար բարձրացնել, այլ բան՝ 1000-ի համար: Թոշակը բարձրացնելիս պետք է հաշվարկել, որ հավերժ այդքան տա, ծախս է, որից Կառավարությունը այլևս չի կարող հրաժարվել: Բյուջեի եկամուտների ավելացման էֆեկտ էլ ունենք, երբ ասում ենք՝ առևտուրը եղել է 28 մլրդ, որոշ տոկոս կա, որը ստվերից է դուրս եկել, այնպես որ՝ ծրագիրն էական է:
Տնտեսական առաջընթացի հարցում վարչապետը կարևորեց կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականությունը:
Նիկոլ Փաշինյան - Ահազանգեր եմ ստանում, որ ՀՀ պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումների հարց կա: Փոխվարչապետներին, նախարարներին կխնդրեմ՝ բացառեք դա: Տերմինալներով վճարումը անկանխիկ էինք համարում: 3 ամսվա ընթացքում խնդիրը լուծեք: Եթե լսեցի, որ քաղաքացին թղթադրամի կպչում է, դա նշանակում է՝ լուծված չէ իմ հանձնարարականը: Էս խնդիրը լուծեք:
ՏԱՐԵԿԱՆ 1 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԵՏՏՈՒՐՔ՝ ՕՆԼԱՅՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Առաջարկվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման համար սահմանել տարեկան 1 մլն դրամ պետտուրք: Օնլայն ծառայությունների այդ ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ: Ոլորտային գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վարորդներն իրենց մեքենաներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր՝ պետական տուրք: Ե՛վ անկանխիկի դեպքում, և՛ կանխիկի դեպքում երկու աղյուսակ ունենք: Անկանխիկի դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոս, 2025-ին՝ 2,5, 2026-ին՝ 4 տոկոս, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են՝ 2, 2,5, 5: Այսպես փորձել ենք խթանել անկանխիկը:
Օնլայն և տաքսիներով ուղևորափոխադրման դեպքում պարտադիր կլինի ՀԴՄ-ն: Իրավախախտումների համար կսահմանվի վարչական պատասխանատվություն: Կհանվի միջմարզայինև ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների պետտուրքը: Փաթեթն ուժի մեջ կմտնի 2024-ի սեպտեմբերից: Վարչապետը կարևորեց բարեփոխումը՝ հիշեցնելով, թե երբ է առաջացել ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյան - Տեսնում էինք շուկայում ակնհայտ միտումներ, որ տաքսի ծառայությունների էլեկտրոնային հարթակները մեծ տեմպերով աճում էին, և այն ժամանակ մեր ընկալումը, մեր հեռահար նպատակն այն էր, որ, այսպես ասած, «անհատ տաքսիների հետևից չգնանք», այլ գնանք պլատֆորմների հետևից, որոնք ապահովում են աշխատանք: Վարչարարության խնդիր կար, երբ տեսնում ենք մի տաքսու վարորդի հետևից գնալու պարագայում նրա, ենթադրենք, 10 հազար դրամ տուրքը գանձելու համար կարող է մենք ծախսում ենք 15 հազար կամ 9800 կամ 10700 դրամ՝ զուտ վարչարարական ծախսերի առումով, և այսպես սիզիփոսյան աշխատանքի տպավորություն էր գործում: Եվ մենք շատ բարդ քննարկումներով եկել ենք, այս եզրակացությանն ենք հանգել:
Վարչապետն անդրադարձավ ոլորտի բարեփոխումներին ուղղված որոշումներին: Դրանցից մեկով օդանավակայանի տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտներով տաքսի ծառայություններ: Հաջորդը. ներդրվել է Զվարթնոցից Երևան ավտոբուսային երթուղի: Հարցերը վարչապետը կարևորում է նաև երկրի իմիջի տեսակետից:
Նիկոլ Փաշինյան - Պետք է այդ հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ պրոբլեմ է, որևէ զարգացած երկրում նման բանը նոնսենս է: Համարյա քաշքշոցի հասնող որսը տաքսիների ուղևորների համար, կներեք, անընդունելի է, որքան էլ հասկանալի է սոցիալական կամ աշխատանքի նկատառումով: Ակնկալում ենք, որ մեր ծառայությունները, ոստիկանությունը, տեսչական մարմինները, ՏԿԵՆ-ը սկզբունքային աշխատանք կիրականացնեն:
ՊԵՏՔ Է ԿՐՃԱՏԵԼ ԿԱՆԽԻԿԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏ
Այստեղ ևս, ըստ վարչապետի, պետք է կրճատել կանխիկի շրջանառությունը: Նշեց՝ աշխարհում ընդունված է, որ տաքսիներում տեղադրվում են պոստերմինալներ:
Նիկոլ Փաշինյան - Եթե տաքսիում չկա անկանխիկ, շահառուների պարտավորությունը չպետք է լինի ապահովել, որ ինքը կանխիկ դրամ ունենա, էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայությունը մատուցողին, շահառուին տանք իրավունք՝ դե յուրե չվճարելու: Ով տաքսու գործ է ծավալում, պետք է ապահովի: Միջնաժամկետ հորիզոնում պետք է անենք: Հարց կծագի՝ ըհը, պարտադրում են, որ ՀԴՄ գնեն... Ծախսի կարիք չկա, ունեն սմարթֆոն:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Սակագների ասիմետրիան, կանխիկի, անկանխիկի պետք է մեկնարկենք: Դա նաև էլեմենտար անվտանգության հարց է լուծում. հետագծելիությունը, որ տաքսի պատվիրեմ, իմանամ՝ տեղ հասավ, չհասավ, որ խնդիր լինի, իմանամ՝ ում հետ գործ ունենամ:
Այս համատեքստում քննարկվեց նաև հարցը, որ հաճախ կանխիկ գործարքներն ավելի ձեռնտու են, քանի որ բանկի միջնորդավճարներն ազդում են գնի վրա:
Վարչապետը հանձնարարեց այս հարցով ևս զբաղվել:
ՍԵՓԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՉՈՒՆԵՑՈՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԽԱՂԱԼ
Գործադիրը հավանություն տվեց նաև նախագծին, ըստ որի՝ սեփական բանկային հաշիվ չունեցողներն այլևս չեն կարող շահումով խաղ խաղալ ինտերնետով և կատարել խաղադրույք:
Վահե Հովհաննիսյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Ինտերնետային շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային, այդ թվում՝ քարտային հաշիվների միջոցով: Երկրորդը` արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները պետք է համալրվեն, կամ հաշիվներից գումարը պետք է ելքագրվի միայն անկանխիկ եղանակով: Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների միջոցով:
Նախարարի խոսքով՝ կարգավորմամբ պահանջում են, որ դրամապանակ ունեցողին կցվի միայն իրեն պատկանող, իր անունով քարտային և բանկային հաշիվ, որոնցով հնարավորություն կլինի սահմանափակումներ մտցնել խաղադրույք կատարող նպաստ ստացողների կամ վարկային պարտավորություն ունեցողների նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սրանք սկզբունքային բարեփոխումներ են:
Նիկոլ Փաշինյան - Ի՞նչ ենք ասում. ասում ենք, որ կանխիկ այդ դրամապանակները չեն կարող լիցքավորվել, կարող են լիցքավորվել անկանխիկ՝ միայն բանկային հաշվից և կամ բանկային քարտից: Այսինքն՝ մենք բացառում ենք որևէ անհետագծելի խաղադրույք: Անտրամաբանական է, եթե մարդը ամիսը 100 հազար դրամ, օրինակ, պարտվում է օնլայն կազինոյում, ինչի՞ պետք է Կառավարությունն իրեն 27 հազար դրամ նպաստ տա: Սոցիալական էֆեկտ կունենա:
Շրջանառվում է նաև օրենքի նախագիծ, որով կսահամնափակվի Հայաստանից շահումով խաղերի, տոտալիզատորների հասանելիությունը, որոնք գրանցված չեն և լիցենզիա չունեն:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԻՆ
Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև Վերին Լարսի անցակետին: Տեղեկացրեց, որ Ռուսաստանի գործընկերների հետ բանակցություններն արդյունք են տվել, և թողունակությունը 11 անցուղուց դարձել է 39: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ անցակետով մեկ օրում անցել է մոտ 1400 բեռնատար, 2020-21 թվականներին այդ ռեկորդը 300 բեռնատար էր:
Մհեր Գրիգորյան - Երեկ 409 մեքենայի համար ազատ տեղ կար: 24-ը մարդատարի համար է: Վերին Լարսի ռուսական մասում կա 1 անցուղի՝ ոչ ստանդարտ գաբարիտով բեռների համար: Դա շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ ոչ ստանդարտ գաբարիտով բեռներով մի հատ անցուղին կարող էր ամբողջ օրը զբաղված լինել: Եվ 2 անցուղի կա ավտոբուսների համար:
Գրիգորյանը նշեց՝ Վրաստանում ևս մինչև 2024-ի ավարտը անցուղիների թիվը կավելանա՝ 9-ից դառնալով 15:
ՄԱՅԻՍԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ-ՈՒՄ ԿԱ 718 266 ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Վարչապետն անդրադարձավ նաև մայիսին գրանցված աշխատատեղերի թվին: Նշեց, որ արձանագրվել է հերթական պատմական ռեկորդը. կա 718 հազար 266 գրանցված աշխատատեղ: 2018-ի մայիսից ի վեր ստեղծվել է 170 հազարից ավելի աշխատատեղ։ Նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի ֆոնդն ավելացել է 106 տոկոսով։
Նիկոլ Փաշինյան - Հայաստանի Հանրապետությունում աշխատող մարդիկ 103 միլիարդ 40 միլիոն դրամով ավելի աշխատավարձ են ստանում, քան 2018 թվականի մայիսին։ Մեկ մարդու միջին աշխատավարձը 2018 թվականի մայիսի համեմատ ավելացել է 101 հազար 629 դրամով կամ 57,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 40 հազար 323 դրամ կամ 17 տոկոսով։ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձը շարունակական բարձրանում է։
Վարչապետը պնդեց՝ 2022 տվյալով գնաճի էֆեկտը չհաշված՝ Հայաստանում աշխատավարձը 6.3 տոկոսով բարձրացել է։