Նոյեմբերյան համայնքի դպրոցականներն Աղվերանում ակտիվ մասնակցում են ուսումնական վարժանքի: Այն «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպված մարզառազմական ճամբարի մի մաս է: Քանի որ հանրակրթության նոր չափորոշիչը փորձարկվել է Տավուշում, այսպիսի ճամբարների մասնակիցներն էլ դեռ միայն այդ մարզի աշակերտներն են: Դասարանի ու դպրոցի պատերից դուրս երեխաները նոր հմտություններ են ձեռք բերում:
Դիանա Սաֆարյան (Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտ) - Լեռնագնացության դասընթացներ են այստեղ, փորձում ենք պարաններով հաղթահարել դժվարանցանելի վայրերը: Այստեղ սովորում ենք անգամ չնչին մանրուքները, թե ինչպես գլխարկը հագնել, ինչպես պարան կապել, ցանկացած բան այստեղ սովորեցնում են, շատ լավ է անցնում, ուրախ ենք, գոհ ենք բոլորս:
Ճամբարը Արամ Մանուկյանի անվան մարզառազմական դպրոցում է: Մարտավարության ուսուցիչը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին պատմում է՝ ինչպես են երեխաների հետ լեռները բարձրացել, քայլել մոտ 15 կմ:
Սամվել Խաչատրյան (Արամ Մանուկյանի անվան մարզառազմական դպրոցի ուսուցիչ) - Մի քիչ էլ էնպես ենք անում, անտառում տանում ենք երթուղիով, բայց շփոթեցնում եմ, բերում եմ, ասում եմ` որտեղ եք, մարդիկ կան` շատ արագ կողմնորոշվում են, մարդ էլ կա` ասում է՝ մի տասը կմ հեռու ենք եկել: Կարևորը անտառում կարողանան կողմնորոշվեն, չշփոթվեն, չգնան ընկնեն ծուղակի մեջ, դարանակալված տեղ: Երեխեքը փոքր են, ուղղակի ոնց որ խաղ խաղան, ու շատ լավ են անում:
Ճամբարը մշակութային ու հանգստի համար դադարներով է, բայց գործնական ու տեսական պարապմունքները խիստ են: Ուշացումներն աննկատ չեն մնում, ուսուցչի զայրույթն են առաջացնում՝ ինչքան էլ որ երեխաները ժամացույց չունեն: Անձրևն ու ցուրտ եղանակն էլ մյուս կողմից չեն խնայում: Բայց դասը կիսատ թողած ներս գնալ չկա: Անրին ասում է՝ ճամբարում գտնվելու մի քանի օրերին արդեն շատ բան են սովորել: Նաև դժվարություններին դիմանալ: Առաջին օրը բարդ էր: Հիմա արդեն չէ:
Անրի Աթաբեկյան (Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտ) - Արդեն կամաց-կամաց ընտելանում ենք և սովորում ենք դժվար պայմաններին: Առավոտյան վեր կենալով գնում ենք ֆիզպատրաստության, հետո գալիս ենք շարային քայլի, սնունդը շատ լավ է, օրը երեք անգամ: Ամեն ինչ անցնում է շատ լավ, մենք գոհ ենք պայմաններից:
Տավուշի մարզում փորձարկվելուց հետո մարզառազմական ճամբարը գալիք ուսումնական տարվանից պարտադիր է դառնալու բոլոր դպրոցների` 11-րդ դասարան փոխադրվող աշակերտների համար:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Կարծում եմ՝ սա հնարավորություն է տալու, որ մենք էապես բարելավենք նախնական զինվորական պատրաստականություն առարկայի դասավանդման որակը: Ընդ որում` հիշեցնեմ, որ սա միայն զինվորական պատրաստականության մասին չէ: Այս առարկայի շրջանակներում ինտեգրված է նաև քաղաքացիական պաշտպանությունը:
Ճամբարի ծրագիրը համընդհանուր ներդնելն ու իրագործելն, իհարկե, մեծ ռեսուրսներ է պահանջելու:
Ժաննա Անդրեասյան - Մենք այս հարցը շատ մանրամասն քննարկել ենք, որովհետև բոլորս հասկանում ենք, որ մեծ ծավալ է լինելու աշխատանքների, ու թե ենթակառուցվածքների, թե կադրային ռեսուրսի իմաստով պիտի ճիշտ պլանավորվի: Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները արել ենք, որոշակի բարդություններ կան, բայց կարծում եմ, համագործակցելով նաև ՊՆ հետ, կկարողանանք կազմակերպել:
Այս տարի մարզառազմական ճամբարը կանցկացվի 5 հերթափոխով՝ 10-ական օրով: Առաջին փուլը մեկնարկել է հունիսի 15-ին:
Հեղինակ` Աննա Զախարյան