Բոլոր գերատեսչությունները հնարավորինս բոլոր խողովակներով աշխատում են, որպեսզի այս իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի, և վերականգնվի բնականոն տեղաշարժը թե՛ մարդկանց, թե՛ ապրանքների և թե՛ դեղամիջոցների: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների տեղաշարժի արգելքին` ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Իհարկե, հումանիտար իրավիճակը ժամ-ժամ սրվում է, որովհետև պաշարները սպառվում են, բացի դրանից` երբ որ հետաձգվում է, պլանային բժշկական օգնության կարիքները չեն սպասարկվում, դրանք դառնում են անհետաձգելի բժշկական օգնության կարիք: Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով մեր գործընկերների հետ: Սպասում ենք, որ իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի, և մենք հնարավորություն ունենանք Երևանում մեր պացիենտներին սպասարկել»,- ասաց առողջապահության նախարարը:
Խոսելով Երևանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող հիվանդների մասին՝ Անահիտ Ավանեսյանը նշեց. «Ստեփանակերտի մեր հիվանդանոցը հագեցած է, ունի համապատասխան մասնագիտական թիմ, բայց կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երևանում, և անհրաժեշտ է, որ այդ ճանապարհը մշտապես բաց լինի տեղաշարժման համար՝ թե՛ պացիենտների, թե՛ մարդկանց, թե՛ ապրանքների և դեղամիջոցների»:
Այդ պացիենտների վերաբերյալ նախարարը դժվարացավ թիվ հնչեցնել, որովհետև իրավիճակն անընդհատ փոփոխվում է: «Ինչքան երկարի ճանապարհի փակ լինելը, այնքան այդ թվի մեծացումն ավելի հավանական է: Կապի մեջ ենք նրանց հետ, բայց այստեղից, իհարկե, հնարավոր չէ անել այն, ինչ անհրաժեշտ է, և պացիենտները պետք է տեղափոխվեն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ դեռ չի հաջողվում նրանց տեղափոխել անգամ Կարմիր խաչի օգնությամբ: