ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ է անցկացրել։ Բացման ելույթով հանդես է եկել հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը։ Նա մտահոգություն է հայտնել, որ տարածաշրջանում լարված իրավիճակ է, հրադադարը պարբերաբար խախտվում է, իսկ Ադրբեջանը Թուրքիայի կառավարության աջակցությամբ փորձում է ռազմական գերակայություն ստանալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ներկաները համաձայնել են՝ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է՝ Վաշինգտոնը չպետք է գործակցի Բաքվի և Անկարայի հետ, այդ թվում՝ չպետք է F-16-եր վաճառի Թուրքիային, քանի որ ամերիկյան ռազմական աջակցությունն այդ երկրներին հետագայում կարող է ուղղվել հայերի դեմ։
Քրիստոֆեր Սմիթ (ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ) - 2020 թվականից ի վեր Ադրբեջանը սեղմում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օղակը, նույնիսկ բուն Հայաստանի տարածքներից են օկուպացրել։ Ադրբեջանի կառավարությունը նաև խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները՝ արգելափակելով Լաչինի միջանցքը։
Քանի որ ԱՄՆ կառավարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, մենք Կոնգրեսում պարտավոր ենք հարցնել՝ ի՞նչ երաշխիքներ կարող է ստանալ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Մեր երկիրը պարզապես չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության կամ էթնիկ զտումների վտանգը։ ԱՄՆ-ը պարտավոր է պատասխանատվության ենթարկել Բաքվին։
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև հանձնաժողովի համանախագահ Ջեյմս ՄըքԳովերնը։ Նա հիշեցրել է՝ ընդամենը 2 տարի առաջ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, սակայն այդ վտանգն այսօր էլ արդիական է շատ հայերի համար։
Ջեյմս ՄըքԳովերն (ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ) - Ադրբեջանի կառավարության վերջին գործողությունների ֆոնին մարդիկ վախենում են, որ անցյալը կկրկնվի։ Մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը մոտ 147.000 էր, այսօր այն 120.000-ից էլ քիչ է։ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումից հետո նրանք հայերն իրենց ավելի խոցելի են զգում: Հարկավոր է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, կանխել հետագա էսկալացիաները։ Քաղաքական համաձայնագիրը առկա վեճերը լուծելու միակ ուղին է։
Նոր ցեղասպանության վտանգի մասին է ահազանգել նաև Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության ամրապնդման ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը։ Նա կոչ է արել Վաշինգտոնին ավելի գործուն քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Բաքվի ագրեսիվ գործողությունները, որոնք, Ֆիլիպսի խոսքով, լավ փաստագրված են։
Դեյվիդ Ֆիլիպս (ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության ամրապնդման ծրագրի տնօրեն) - Կոչ եմ անում այցելել Արցախ՝ համերաշխություն հայտնելու հայ ժողովրդին և ապացուցելու, որ ամերիկյան արժեքները նավթի և գազի դիմաց չեն վաճառվում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այսօր ավերում է հայկական քրիստոնեական եկեղեցիները և հուշարձանները։ Ադրբեջանի նպատակներից է նաև հայերի մշակութային բնաջնջումը։
ԱՄՆ-ը հակազդման մի քանի գործիք ունի։ Բացի 907-րդ բանաձևից՝ կարող ենք գործարկել նաև Մարդասիրական օգնության միջանցքների ակտը, որի համաձայն ամերիկյան մարդասիրական օգնության փոխադրումը սահմանափակող երկրները պետք է զրկվեն Վաշինգտոնի աջակցությունից։ Պետական մակարդակով հովանավորվող ահաբեկչության դեմ ունենք նաև «Մագնիտսկու ակտը»։
Լսումների ընթացքում ելույթ է ունեցել նաև Կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը, որը վերջերս այցելել էր Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ։ Նա տեղեկացրել է, որ միայն իր ճանապարհորդության ընթացքում ադրբեջանական ուժերը 3 անգամ թիրախավորել են Հայաստանի ինքնիշխան տարածքը։
Սեմ Բրաունբեք (Կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ նախկին դեսպան) - Ադրբեջանը խեղդամահ է անում 120 000 քրիստոնյայի։ Դա հակասում է խաղաղության պայմանագրի նախաձեռնությանը, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Կոնգրեսին առաջարկում եմ Լեռնային Ղարաբաղի հարցով Մարդու իրավունքների երկկուսակցական ակտ նախաձեռնել: Նախագահը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։ Նաև հարկավոր է Կոնգրեսի պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Մենք փորձեցինք գնալ այնտեղ, սակայն մեզ թույլ չտվեցին։ Պետք է աջակցենք հայերին՝ տնտեսական, ռազմական, ժողովրդավարության զարգացման ոլորտում։
Բաքվին բոլոր տեղակի աջակցությունը դադարեցնելու կոչ է արել American Enterprise ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը։ Նա շեշտել է՝ Իլհամ Ալիևը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ և դա չի կարելի դիտարկել որպես զուտ հռետորաբանության մաս։ Ադրբեջանի հետ գործակցության սահմանափակման մեկ այլ պատճառ էլ, ըստ Ռուբինի՝ այդ երկրի կուռումպացվածությունն է:
Մայքլ Ռուբին (American Enterprise ինստիտուտի ավագ գիտաշխատող) - Ադրբեջանը երկրագնդի ամենակոռումպացված երկրներից է․ չնայած հսկայական ռեսուրսներին՝ Ադրբեջանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտն ավելի քիչ է, քան Վրաստանում և Հայաստանում, որոնք չունեն նույն էներգետիկ ռեսուրսները: Միլիարդավոր դոլարներ ուղղակի նստում են Ալիևի հաշիվներին։
Ռուբինը նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի հետ հարատև խաղաղության մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ այդ երկրում հայատյացություն է քարոզվում նույնիսկ դպրոցներում։ Ադրբեջանում և Թուրքիայում ամենաբարձր մակարդակով հայատյացության դրսևորումները քննադատել է նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։
Ջոն Էվանս (Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան) - Ադրբեջանը պետք է հարգի հայ ժողովրդին։ Հարկավոր է խաղաղ կարգավորում։ Ղարաբաղի բնակչությունը և ադրբեջանցիները պետք է որոշեն՝ ինչպես են ապագայում հարևանություն անելու։ Մենք պետք է Ադրբեջանին հստակ հասկացնենք, որ Միացյալ Նահանգների համար անընդունելի է Ղարաբաղում հայերի էթնիկ զտումը։
Հանձնաժողովում ելույթներն ամփոփել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը։ Նա նշել է՝ Ալիևը բանակցություններ է վարում Հայաստանի հետ, սակայն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը և փորձում հայաթափել Լեռնային Ղարաբաղը։
Ֆրենկ Փալոն (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ) - Ալիևի ռեժիմը նույնիսկ չի թաքցնում, որ փորձում է ցեղասպանություն իրականացնել, չի թաքցնում նաև, որ ներխուժել է Հայաստանի տարածք։ Նա ցանկանում է զրկել Արցախի բնակչությանը իր նախնիների երկրում ազատ և արժանապատիվ ապրելու հնարավորությունից։ Սա էթնիկ զտման քաղաքականություն է։ 2020 թվականի պատերազմից հետո, ցավոք, քիչ բան արվեց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Ալիևը զգաց, որ կարող է նաև արգելափակել Լաչինի միջանցքը։ Այժմ Վաշինգտոնը պետք է դիվանագիտական բոլոր միջոցներով ճնշում գորշադրի Ալիևի վրա՝ դադարեցնելու այս ամենը։
Փալոնը եզրափակել է՝ հիասթափության և մտահոգության մասին համաշխարհային առաջնորդների հայտարարությունները բավարար չեն, դրանք մինչ այժմ չեն կանգնեցրել Ալիևի մահաբեր արշավը: