Հայաստանը ամբողջապես նվիրված է խաղաղության գործընթացին, Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ ինքը ևս պատրաստ է դրան, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն: Տարբեր երկրներ ներկայացնող 6 հոգանոց պատվիրակությունը՝ Լուազոյի գլխավորությամբ, ժամեր առաջ վերադարձել էր Գորիսից ու Լաչինի միջանցքի սկզբնամասից:
Նատալի Լուազո (Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ) - Զարմացած եմ, որ Գորիսի ու Լաչինի միջանցքի մուտքի ճանապարհին հանդիպեցինք բազմաթիվ ռուս խաղաղապահների, և ըստ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնության` նրանք պետք է ապահովեն ԼՂ բնակչության պաշտպանությունը ու անձանց ու ապրանքների ազատ տեղաշարժը: Առնվազն կարող եմ ասել, որ Լաչինի միջանցքի մուտքի մոտ մենք որևէ նման բանի ականատես չեղանք, ուստի միայն տարակուսանք կհայտնեմ, թե ինչու նրանք այդ հայտարարության կետերը չեն իրականացնում:
Լուազոն պնդեց, որ Բրյուսելում ներկայացնելու է այստեղ տեսածն ու լսածը: ԵԽ պաշտոնյան վերահաստատեց կառույցի դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի, ԼՂ հայերի իրավունքները և բերկեցությունը պետք է պաշտպանված լինեն և հարգվի Հայաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը:
Նատալի Լուազո - Լաչինի միջանցքի վերաբերյալ նախևառաջ կա Արդարադատության միջազգային դատարանի վճիռ, որը պետք է պատշաճ կատարվի: ԵԽ-ն ամբողջապես սատարում է փաստահավաք առաքելության գաղափարին և ողջունում է միջազգային ներկայության գաղափարը՝ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Մենք նաև կողմ ենք ՄԱԿ ԱԽ բանաձև ընդունելուն, և որքան շուտ` այնքան լավ, եթե ՄԱԿ-ի եվրոպական անդամները պատրաստեն համապատասխան նախագիծը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ. ԼՈՒԱԶՈ
Խոսելով Հայաստան գործուղված ԵՄ քաղաքացիական առաքելության մասին` Լուազոն ընդգծեց՝ ԵՄ-ն պատրաստ էր նման առաքելություն ուղարկել նաև Ադրբեջան, որին, սակայն, պաշտոնական Բաքուն համաձայնություն չի տվել:
Նատալի Լուազո - Իմ անձնական ընկալմամբ` ռազմական միջադեպերը միայն մի կողմն է նախաձեռնում: Չկան որևէ ապացուցողական տվյալներ, որոնք կհաստատեին Ադրբեջանի մեղադրանքները, թե Հայաստանն է դրանք նախաձեռնում, և դա զարմանալի չէ, քանի որ Հայաստանը խաղաղություն է ուզում:
Ըստ Նատալի Լուազոյի` ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը Հայաստանում շատ կարևոր է, սակայն, պետք է հիշել, որ այն ի զորու չէ կանխել միջադեպերը:
ԵԽ-Ն ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Լուազոն դիմեց նաև Ադրբեջանում հավատարմագրված դեպաներին, հորդորեց հավատարիմ մնալ Միջազգային դատարանի վճռին և չայցելել ապօրինի տեղադրված անցակետ: Հարցին, թե ինչու ԵՄ-ն Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, Նատալի Լուազոն հռետորական հարցով պատասխանեց և սլաքներն ուղղեց Ռուսաստանի ուղղությամբ:
Նատալի Լուազո - Իսկ ինչու ՄԱԿ ԱԽ անդամ Ռուսաստանը Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում: Մեզ զարմացնում են Ադրբեջանից գազի արտահանման ծավալները, քանի որ այն գերազանցում է արտադրության ծավալը: Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի հետ պայմանավորվել և Ադրբեջանի կողմն անցնել, ապա ժամանակն է, որ Ռուսաստանը այդ մասին հրապարակայնորեն հայտարարի: Երբ մենք Լաչինի միջանցքի մոտակայքում էինք, մենք ԼՂ մտնող ռուսական անգամ մեկ բեռնատար չտեսանք, իրավիճակը գնալով բարդանում է, ոչ ԿԽՄԿ-ն, ոչ ռուսական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել ԼՂ, հիմա էլ ոչ ոք չի կարող ձևացնել, թե դա էկոակտիվիստների պատճառով է, քանի որ մենք ակնհայտ տեսնում ենք տեղադրված ադրբեջանական անցակետը: Պատժամիջոցների հարցով որոշում կայացնելու լիազորություն ԵԽ-ն չունի, խորհրդարանը կարող է ասել, թե ինչ է մտածում, բայց որոշում կայացնող չէ:
Կողմ լինելով պատժամիջոցներին՝ Լուազոն նաև ընդգծեց, որ բանակցություններն անհրաժեշտություն են: Միջանցքը բացելուց մինչև ռազմագերիների վերադարձ` լուծումներ պետք է գտնվեն, և ըստ նրա` Եմ կոչն այս հարցում հստակ է: