ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, հայտարարել է՝ ակնկալում են առաջիկայում Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալելուն: Անդրադառնալով բանակցային գործընթացում Մոսկվայի հնարավոր դերակատարմանը՝ Պատելը շեշտել է. «Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ, ապա, իհարկե, կարող է դրանով զբաղվել: Մենք համարում ենք, որ բանակցությունների գործընթացը շարունակվում է, և Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր է կողմերի համար»:
ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ
ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչ նամակ է հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որում պահանջ է՝ ուղղված նախագահ Ջո Բայդենի աշխատակազմին՝ դադարեցնելու Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը: Կոնգրեսականները նաև պահանջել են օգնել Արցախին, հանդես գալ Արցախի շրջափակման և Ադրբեջանի հակահայկական ագրեսիայի դեմ:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում ընթացող Ուկրաինայի վերականգնման միջազգային երկօրյա համաժողովի շրջանակում անցկացրել են իրենց առաջին հանդիպումը: Հանդիպմանը կողմերը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և երկկողմ կապերը, Սև ծովով հացահատիկի արտահանման նախաձեռնությունը և անդրադարձ են կատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
ԲԱՔՈՒՆ 10 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԿԻԵՎԻՆ. ԲԱՅՐԱՄՈՎ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով Ուկրաինայի վերականգնման միջազգային համաժողովում, հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի շուտափույթ կարգավորման օգտին՝ հիմնված Ուկրաինայի ինքիշխանության և տարածքային ամբողջականության վրա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը մտադիր է հետագայում ևս ներդրում ունենալ Ուկրաինայի վերականգնման գործում, և այդ նպատակով նախատեսում է առնվազն 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Կիևին:
Համաժողովի շրջանակում Բայրամովը հանդիպել է նաև Ուկրաինայի իր գործընկեր Դմիտրո Կուլեբայի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի հարցեր, Ուկրաինայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային վերջին զարգացումները: Կուլեբան գոհունակությամբ է խոսել Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ և բազմակողմ համագործակցության մասին, ընդգծել երկու երկրի ղեկավարների միջև ինտենսիվ շփումների կարևորությունը:
ՎՐԱՑ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջիմուֆթուօղլուին։ Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը, ընդգծել երկկողմ համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու պատրաստակամությունը։ Ղարիբաշվիլին շեշտել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Թուրքիայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին։
Կողմերը կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա խորացումը ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլ նաև անվտանգության ուղղությամբ։
ԵՄ-Ն ԵՎՍ 1.5 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Եվրամիությունը ևս 1,5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ պետական ծառայություններին և երկրի ենթակառուցվածքներին աջակցելու համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը Ուկրաինային առաջիկա չորս տարիների համար առաջարկում է տրամադրել մինչև 50 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն:
Ավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը կփոխհատուցի մինչև 2027 թվականը Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ միջոցների 45%-ը:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 11-ՐԴ ՓԱԹԵԹԸ
Ավելի քան վեց շաբաթ շարունակվող քննարկումների արդյունքում Եվրամիության անդամ 27 երկրի դեսպանները կարողացել են համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների տասնմեկերորդ փաթեթը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է որոշումը՝ նշելով, որ պատժամիջոցների նոր փաթեթը «հերթական հարվածը կհասցնի Վլադիմիր Պուտինի ռազմական մեքենային»։ Նա ասել է, որ այդ միջոցառումների շրջանակում ԵՄ երկրները կխստացնեն արտահանման սահմանափակումները այն ընկերությունների համար, որոնք աջակցում են Կրեմլին՝ պատժամիջոցների շրջանցման հարցում:
Նոր փաթեթը ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից պաշտոնապես հաստատվելու դեպքում։ Այն նախատեսում է Ռուսաստանի տարածքով ռազմական նշանակության տեխնոլոգիաների տարանցման սահմանափակման հնարավորությունը։ Բացի դրանից, ըստ դիվանագիտական աղբյուրների, 11-րդ փաթեթով պատժամիջոցներ են սահմանվել նաև 71 ֆիզիկական և 33 իրավաբանական անձանց նկատմամբ: