Մոսկվան ռուսական խաղաղաղպահ զորակազմի միջոցով և այլ խողովակներով աշխատում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաարգելափակման ուղղությամբ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Այն արդիական է։ Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, դա բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում տեղում էսկալացիայի։ Իսկ Բաքվին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ մարդասիրական նպատակներով Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապարգելափակելու ուղղությամբ, և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնել։
ԶԱԽԱՐՈՎԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱԿԱՐԻԻ ԿԱՄՐՋԻ ՄԻՋԱԴԵՊԻՆ
Մարիա Զախարովան նաև անդրադարձել է օրերս Հակարիի գետի կամրջի վրա ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի զինվորականները փորձել էին Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշ տեղադրել: Լրագրողի հարցին՝ ինչպես է Մոսկվան արձագանքել միջադեպից հետո Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հայաստանի ԱԳ նախարարություն կանչելուն՝ Զախարովան պատասխանել է.
Մարիա Զախարովա - Հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված չլինելու հետևանք է: Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել սկսել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը՝ մեր խորհրդատվական աջակցությամբ։ Մոսկվան պատրաստ է օգնել սահմանազատման հարցում, այդ թվում՝ կռվախնձոր դարձած այդ հատվածում: Իսկ ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են։ Հորդորում ենք նվազեցնել այս հարցի շուրջ մամուլում հռետորաբանության աստիճանը: Խաղաղապահները սերտորեն գործակցում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Նրանք կատարում են իրենց պատասխանատվության գոտում հրադադարի պահպանման հետ կապված խնդիրները։
Լրագրողը հստակեցնող հարց է տվել՝ ինչո՞ւ են ռուս խաղաղապահները մասնակցել ադրբեջանցի սահմանապահների գործողություններին:
Մարիա Զախարովա - Չեմ կարող համաձայնել ձեր գնահատականներին, երբ ռուս խաղաղապահների քայլերի մասին խոսում եք միայն մեկ կողմի գործողությունների համատեքստում։ Խաղաղապահների խնդիրն է գործել՝ հաշվի առնելով երկու կողմի շահերը, և նպաստել առկա տարաձայնությունների հարթմանը։
ԶԱԽԱՐՈՎԱՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Զախարովային նաև խնդրել են մեկնաբանել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատերազմը ռուսական միջնորդությամբ հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու անհաջող փորձի մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունները:
Մարիա Զախարովա - Հայաստանի խորհրդարանում պատերազմի հարցերով հանձնաժողովի նիստը կապված է ներքաղաքական օրակարգի հետ: Վստահ չեմ, որ կարող ենք մեկնաբանել ներքին բանավեճերը: Բայց, որքան էլ թեժ լինեն ներքաղաքական իրադարձությունները, կա մեկ ճշմարտություն։ Հենց Ռուսաստանը կարողացավ 2020 թվականի աշնանը հասնել ԼՂ-ում հրադադարի և վերականգնել տարածաշրջանում խաղաղությունը։
ՌԴ-Ն ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ԶԱԽԱՐՈՎԱ
Ռուս դիվանագետն անդրադարձել է նաև վերջերս ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին` այն մասին, թե Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին և ստիպում երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:
Մարիա Զախարովա - Նախ, այդ հրապարակումը, ցավոք, արժանահավատ է։ Երկրորդ՝ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը, ինչի մասին մենք բազմիցս հայտնել ենք շահագրգիռ կողմերին։
Զախարովան հավելել է՝ Մոսկվան արդեն ապացուցել է, որ հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին և պատրաստ է քայլ առ քայլ աշխատել բոլոր ուղղություններով։
«Բայց այդ ճանապարհը հեշտ չէ», - շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՇՈՒՇԻՈՒՄ ԱՆԿԱՐԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒՆ
Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև վերջերս Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Ռեջեփ Էրդողանի հայտարարությանն` այն մասին, որ Անկարան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում, երբ Բաքուն ցանկանա:
Մարիա Զախարովա - Ցանկացած վայրում հյուպատոսություն բացելն այս դեպքում Բաքվի և Անկարայի երկկողմ հարաբերությունների հարց է։ Մենք հասկանում ենք Երևանի համար թեմայի զգայունությունը։ Գործընկերների հետ մեր շփումներում ընդգծում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը:
Զախարովան հավելել է՝ կողմերը պետք է գիտակցեն ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությունը: