Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենի, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ այցելել ենք Սյունիք։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Գորիսում մեզ ընդունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը` ներկայացնելով անվտանգային իրավիճակը մարզում: Հատուկ կարևորվեց Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը Սյունիքի մարզում:
Հաջորդիվ հանդիպեցինք արցախցի երիտասարդ բժիշկների հետ, որոնք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չեն կարողանում վերադառնալ Արցախ և կատարել իրենց առաքելությունը` բժշկական ծառայություններ մատուցել Արցախի ժողովրդին:
Սյունիքի մարզ այցի ավարտին եղանք Լաչինի միջանցքի սկզբնամասում, որտեղ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը անձամբ ականատես եղավ իրավիճակին»,- գրել է պատգամավորը։