Մեկ շաբաթ է՝ Արցախն ապրում է լիակատար շրջափակման մեջ` առանց հումանիտար բեռնափոխադրումների: Առևտրի կետերն օրեցօր դատարկվում են, միրգ-բանջարեղենի խանութներում միայն տեղական կարտոֆիլն ու ձմերուկն է:
Ռոբերտ Ադամյան (անհատ ձեռնարկատեր) - Մրգեր են ուզում երեխաների համար, որն անհրաժեշտ է, բայց չկա, չենք կարողանում ապահովել: Մինիմալը փորձում ենք ունենալ, ինչ կարողանում ենք: Դա փորձում ենք ապահովել տեղական ապրանքներով:
Հակարիի կամրջի ապօրինի անցակետով հունիսի 15-ից չեն երթևեկում նաև ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի մջազգային կոմիտեի ներկայացուցիչները: Հումանիտար խնդիրն Արցախում օրեցօր խորանում է:
Գուրգեն Ներսիսյան (Արցախի պետական նախարար) - Սա վերաբերմունք է Ադրբեջանի կողմից` ոչ միայն պատանդի կարգավիճակում գտնվող Արցախի բնակչության նկատմամբ, սա վերաբերմունք է նույնիսկ միջազգային նորմերի, միջազգային կազմակերպությունների նկատմամբ, որոնց ուղիղ առաքելությունից է բխում նման իրավիճակներում խնդրի առաջ կանգնած բնակչության հումանիտար աջակցություն ցուցաբերելը:
Արցախի պետնախարարի խոսքով՝ ավելի քան 6 ամսվա շրջափակման պայմաններում հնարավոր չէ ունենալ մեծ քանակի առաջին անհրաժեշտության ապրանքների պահուստային ֆոնդ, որը կկարողանա ապահովել 120 հազար բնակիչների կարիքները:
Գուրգեն Ներսիսյան - Կան առողջական խնդիրներ, բնականաբար, բնակչությունն ունի դեղորայքի կարիք: Իհարկե, մենք բոլոր միջոցները ձեռնարկել ենք այսպիսի իրավիճակներին նախապատրաստվելու համար, բայց մենք պետք է հասկանանք, որ ցանկացած ռեսուրս ունի ավարտվելու հատկություն, և մենք այս իրավիճակում թեև համառորեն հաղթահարում ենք այդ խնդիրները, բայց պարզ է, որ բնակչությունն ամենօրյա ռեժիմով բախվում է պրոբլեմների հետ:
Հաշվի առնելով իրավիճակով պայմանավորված մտավախությունները՝ քաղաքացիները պահանջվածից շատ են գնումներ անում, նկատում են հացամթերքի արտադրությամբ զբաղվողները, նշում՝ դա բերում է հացի կամ այլ ապրանքատեսակների դեֆիցիտի:
Վարդան Հակոբջանյան (անհատ ձեռնարկատեր) - Մենք ունենք մեր հիմնական հաճախորդները, ովքեր ամեն օր տանում են 5 հատ, 10 հատ, հիմա 40, 50-ն են տանում: Բացատրում ենք, որ պրոբլեմ չկա, ունենք, աշխատելու ենք, առաջիկա մեկ ամսում մենք հաստատ աշխատելու ենք, դրանից հետո չենք իմանում ինչ կլինի, բայց մարդիկ իրենց խուճապն են առաջ տանում:
Տիկին Նինան օրական մինչև 300 թոնրահաց է թխում: Ասում է՝ հայտը ներկայացնում են կառավարությանը, ժամանակին ալյուր ստանում:
Նինա Ավանեսյան (անհատ ձեռնարկատեր) - Օրինակ, որ շաբաթը մեկ մի տոննա էինք ստանում, հիմա երեք օրը մեկ ստանում ենք 500 կիլոգրամ:
Ալյուրի եռօրյա պաշարի և առաջին անհրաժեշտության ապրանքների լրիվ բացակայության մասին լուրերը կեղծ են, վստահեցնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, պարզապես անցել են միջոցների խնայողության:
Գուրգեն Ներսիսյան - Մարդիկ, որոնք որ շտապում են ինչ-որ հայտարարություններ անել, ժողովրդին ինչ-որ ժամկետներ են հուշում, այս կամ այն խնդիրների վերաբերյալ հայտարարություն են անում, պետք է գիտակցեն, որ այդ ժամկետներն էլ են անցնելու, և եթե պետությունն ու ժողովուրդը այդ խնդիրներին չբախվի, ըստ էության, կառավարությունը իր ունեցած հնարավորությունների սահմաններում, փաստորեն, ապահովի բնակչությանը անհրաժեշտ ապրանքներով, այդ պարագայում մարդիկ ուղղակի պետք է ամոթ ապրեն, որ նման իրավիճակում թիրախավորել ու սկսել են կառավարության հասցեին կեղծ հայտարարություններ հնչեցնել:
Գուրգեն Ներսիսյանը կոչ է անում Սփյուռքի համայնքներին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ներկայացնել միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին, պահանջել նրանցից ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որ օր առաջ բացվի Արցախի կյանքի ճանապարհը: