Կառավարության որոշմամբ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման ժամկետը երկարացվեց մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Նախորդ տարի հունիսին մենք ներդրեցինք մի ծրագիր, համաձայն որի՝ անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար է տրամադրվում պետություն-մասնավոր փոխգործակցության շրջանակներում: Ծրագիրը պետք է իրականացվի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկի պահից սկսած բոլոր ցուցանիշներով մենք ունեցել ենք դրական դինամիկա, օրինակ՝ երբ որ անկանխիկ գործարքների ծավալի ցուցանիշն ենք նայում, մեկնարկի պահից սկսած՝ 8 անգամ աճել է. եթե 2022 թվականի հունիս ամսին 525 մլն էր, ապա 2023 թ. մայիսի դրությամբ՝ 4.4 մլրդ, իսկ մինչ այդ զրոյական էր այս ցուցանիշը:
Շահառուների թվի մասով մեկնարկի առաջին ամիսը 16 900 շահառու էր, 2022-ի դեկտեմբերի դրությամբ՝ 66 800, բայց արդեն մայիս ամսվա դրությամբ ցուցանիշները երբ նայում ենք, շահառուների թիվը հատել է 144 հազարը:
Մեկ շահառուի համար հաշվարկված միջին ամսական հետվճարի չափը նույնպես եթե 2022-ին 2700 դրամ էր, ապա հիմա անցել ենք 3300 դրամը, իսկ ընդհանուր հետվճարը շահառուներին կազմել է շուրջ 2.38 մլրդ դրամ, անկանխիկի շրջանառության ընդհանրական ծավալը՝ 28.3 մլրդ դրամ:
Այս պահի դրությամբ սա բավականին նպաստել է, որ կենսաթոշակառուները և նպաստառուներն անցնեն քարտային եղանակով իրենց վճարները ստանալուն, և ավելի քան 82.2 տոկոսն այժմ ստանում է իրենց կենսաթոշակը բանկային քարտերով: Հաշվի առնելով այս բոլոր ցուցանիշների դրական դինամիկան՝ առաջարկում ենք ծրագիրը երկարացնել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը»,- ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Սա մեր կողմից իրականացվող կարևորագույն ծրագրերից մեկն է, որը հայեցակարգային առումով ունի ռազմավարական նշանակություն, որովհետև հիշում եք՝ բազմիցս եմ խոսել այն մասին, որ երբ մի որոշում կայացնում ենք, մենք պիտի որպես որոշման նպատակային թիրախ դիտարկենք ոչ միայն վերնագրի բովանդակությունը, որով ընդունում ենք, այլ պետք է աշխատենք այնպես անել, որ մեր որոշումները նաև հարակից դրական էֆեկտներ ունենան: Եվ սա այդ որոշումներից մեկն է. առաջինը սոցիալական շատ կոնկրետ ազդեցություն է ունենում: Մենք ասում ենք՝ նախորդ տարի կենսաթոշակները հանրապետությունում բարձրացրել ենք 2 անգամ, բայց ես համարում եմ, որ բարձրացրել ենք երեք անգամ՝ գումարած այս էֆեկտը: Հույս ունեմ, որ մենք չենք մոռացել, որ ևս մեկ անգամ թոշակները հուլիսի մեկից պետք է բարձրացնենք»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նարեկ Մկրտչյանը նշեց, որ հուլիսի 1-ից թոշակների բարձրացման վերաբերյալ մանրամասները կներկայացվեն Կառավարության հաջորդ նիստում, հայտնի կդառնա, թե որ շահառուները որքանով թոշակի բարձրացում կստանան:
Անդրադառնալով կանխիկ եղանակով գործարքներից հրաժարվելու մտադրությանը՝ վարչապետն ասաց. «Ես ժամանակ եմ տալիս. երեք ամսվա ընթացքում այս խնդիրները լուծեք. բոլոր վճարումները պետք է կատարվեն անկանխիկ: Ես որևէ պետական գերատեսչությունից եթե լսեցի, որ քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս թղթադրամին կպչում է ֆիզիկապես, դա կնշանակի՝ իմ հանձնարակականը կատարված չէ»: