Հումանիտար իրադրությունը ԼՂ-ում շարունակում է սրվել: Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին կայացված միջանկյալ որոշման: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 22-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը որոշել է նաև, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:
«Դատարանի այս որոշումը չի կատարվում. Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ: Ավելին՝ արգելվել է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը: Սրանք կարևոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրները իբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է, և հայկական կողմը խնդրին պետք է մոտենա հենց այդ տրամաբանությամբ:
«Եվ կարևոր է արձանագրել, որ այդ որոշման չկատարումն ու արհամարհումը բերել է հումանիտար ճգնաժամի: ԼՂ բնակչությունը զրկված է բնական գազի, էլեկտրական էներգիայի արտաքին մատակարարումներից, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության տեղական հզորությունները բավականացնում են միայն մասնակի մատակարարումներին: Դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակակարումները ԼՂ-ին: Դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված: Այս պայմաններում նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում: Ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար»,- ասաց ՀՀ վարչապետը, ապա հավելեց, որ հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ հայկական կողմն ահազանգում է: