ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տվել՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցման:
Հարց - Ինչպե՞ս կմեկնաբանեք Հակարիի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կողմից հունիսի 21-ին տրված ձևակերպումները։
Պատասխան - Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության, հարկ եմ համարում նշել հետևյալը.
-
Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարիի կամրջի հայկական կողմում։
-
Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում, տեղադրվում ադրբեջանական դրոշ։ Ի դեպ, արձանագրենք, որ այս նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս:
-
Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։ Հիշեցնում ենք, որ այդ հատվածում ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5 կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։
-
Ի դեպ, հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նույնիսկ մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ անգամ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Եզրափակելով` ցանկանում ենք կոչ անել 2020 թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին՝ արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները:
Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան անդրադարձել էր օրերս Հակարիի գետի կամրջի վրա ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի զինվորականները փորձել էին Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշ տեղադրել: Լրագրողի հարցին՝ ինչպես է Մոսկվան արձագանքել միջադեպից հետո Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հայաստանի ԱԳ նախարարություն կանչելուն՝ Զախարովան պատասխանել էր. «Հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված չլինելու հետևանք է: Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել սկսել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը՝ մեր խորհրդատվական աջակցությամբ։ Մոսկվան պատրաստ է օգնել սահմանազատման հարցում, այդ թվում՝ կռվախնձոր դարձած այդ հատվածում: Իսկ ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են։ Հորդորում ենք նվազեցնել այս հարցի շուրջ մամուլում հռետորաբանության աստիճանը: Խաղաղապահները սերտորեն գործակցում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Նրանք կատարում են իրենց պատասխանատվության գոտում հրադադարի պահպանման հետ կապված խնդիրները»։
Լրագրողը հստակեցնող հարց էր տվել՝ ինչո՞ւ են ռուս խաղաղապահները մասնակցել ադրբեջանցի սահմանապահների գործողություններին:
Մարիա Զախարովան էլ նշել էր հետևյալը. «Չեմ կարող համաձայնել ձեր գնահատականներին, երբ ռուս խաղաղապահների քայլերի մասին խոսում եք միայն մեկ կողմի գործողությունների համատեքստում։ Խաղաղապահների խնդիրն է գործել՝ հաշվի առնելով երկու կողմի շահերը, և նպաստել առկա տարաձայնությունների հարթմանը»։