ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ հանձնաժողովի համանախագահ Ջեյմս ՄըքԳովեռնը մտահոգություն է հայտնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Նա հիշեցրել է, որ ընդամենը 2 տարի առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որը թեև տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, սակայն այդ վտանգն այսօր էլ արդիական է շատ հայերի համար։
«Ադրբեջանի կառավարության վերջին գործողությունների ֆոնին մարդիկ վախենում են, որ անցյալը կկրկնվի։ Մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը մոտ 147 000 էր, այսօր այն 120 000-ից էլ քիչ է։ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումից հետո նրանք իրենց ավելի խոցելի են զգում: Հարկավոր է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, կանխել հետագա էսկալացիաները։ Քաղաքական համաձայնագիրը առկա վեճերը լուծելու միակ ուղին է»,- ասել է ՄըքԳովերնը։