Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ վարչապետն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ոստիկանության զորքերի 1033 զորամասը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
Վարչապետը նշել է, որ ոստիկանությունում բարեփոխումների կարևոր շրջան է հիմա, որի արդյունքում ձևավորվել է Ներքին գործերի նախարարություն: Ոստիկանության զորքերն էլ վերակազմավորվելու են որպես Ոստիկանության գվարդիա:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Չափազանց կարևոր եմ համարում ընդգծել, որ դա բերելու է Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման: Այսինքն՝ աշխատավարձերի բարձրացման, ավելի կոնկրետ՝ աշխատավարձերի կրկնապատկման: Բայց նաև այս գործընթացը, ինչպես այլ տարբեր մարմիններում ինքնաբերաբար և մեկանգամյա չի լինելու:
Առաջին ամենակարևոր հանգամանքն այս ճանապարհին այն է, որ աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը տեղի է ունենալու ատեստավորման միջոցով:
Նիկոլ Փաշինյան - Ինչո՞ւ ենք մենք սա անում. անում ենք, որպեսզի այդ գործընթացում ևս մեկ անգամ համոզվենք, որ մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողներն իրենց բարոյական, ֆիզիկական, ինտելեկտուալ պատրաստությամբ համապատասխանում են այն ստանդարտներին, որոնք առաջադրում ենք որպես Հայաստանի Հանրապետություն: Այդ ստանդարտները կարևոր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և պետության համար, որովհետև՝ ասելով նոր ստանդարտ, նկատի ունենք հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտ: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի այդ բովանդակությանը, վերահաստատի իր պրոֆեսիոնալ հմտությունները, որ ամենօրյա ծառայության մեջ ինքը կարողանա ամենաբարձր մակարդակով առնչվել քաղաքացիների հետ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, և պատրաստ լինի բարոյահոգեբանական առումով կատարել իր առաջ դրված խնդիրները:
Վարչապետը նշել է, որ և՛ պրոֆեսիոնալ հմտությունների վերահաստատումը, և՛ սոցիալական երաշխիքների մեծացումը պետք է լինի անընդհատ պրոցես: Այսինքն՝ չպետք է մի անգամ պետությունն աշխատավարձ բարձրացնի, հետո տասնյակ տարիներով կամ ավելի երկար ժամանակով մոռանա դրա մասին, դա պիտի լինի շարունակական գործընթաց, որովհետև գնաճը նաև տնտեսական գործոն է, միևնույն է՝ չի կանգնեցվի:
Բարեփոխումների մեկ այլ նրբություն էլ առանձնացրել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Այժմ ոստիկանության զորքերը տեղակայված են միայն մայրաքաղաք Երևանում: Մենք որոշել ենք նաև այս համակարգը փոփոխության ենթարկել, և նաև մարզերում կտեղակայվեն Ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ, որովհետև շատ դեպքերում, երբ կարիք է լինում, երբ ծառայության խնդիր է առաջանում՝ Ոստիկանության զորքերը, ստորաբաժանումները Երևանից տեղափոխվում են մարզեր: Երբեմն ստիպված են լինում օրեր անցկացնել ավտոբուսների մեջ, ամենատարբեր անհարմար պայմաններում: Կենցաղային և ծառայողական բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Մենք կիրականացնենք նաև այս փոփոխությունը, և մարզերի որոշակի խումբ կձևավորվի, որոնց համար կնախատեսվի Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանում, և այդ ծառայությունը կունենա մշտական տեղակայման վայր, որտեղ արդեն ավելի հարմարավետ պայմաններում կիրականացվի ծառայությունը: Սա ենթադրում է, որ նաև Ոստիկանության գվարդիայում որոշակի նոր համալրում պետք է լինի՝ արդեն նոր ստանդարտներով և նոր աշխատավարձով:
Առաջնային խնդիր է համարվում նաև Ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավման գործընթացը: Կանայք նույնպես ավելի մեծ չափով պետք է ծառայություն իրականացնեն Ոստիկանության գվարդիայում՝ այնպես, ինչպես զինված ուժերում, Պարեկային ոստիկանությունում, ընդհանրապես Ոստիկանությունում:
Նիկոլ Փաշինյան - Հասկանում ենք, որ սա շատ հեշտ լուծվող խնդիր չէ. բոլորս պետք է քաջալերենք մեր կանանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի նրանք չերկնչեն այդ ծառայությանը դիմելու համար: Նաև, իհարկե, ձեզնից է շատ բան կախված, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի առանց այն էլ առկա հոգեբանական արգելքներն ավելի չընդգծվեն, այլ ընդհակառակը՝ որոշակի այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որպեսզի քաջալերվի այդ գործընթացը, այդ ծառայությունը, որովհետև դա շատ կարևոր է մեր պետությունում իրավակարգի որակը բարձրացնելու համար:
Հաջորդ տարի արդեն Ոստիկանության զորքերը կվերափոխվեն Ոստիկանության գվարդիայի: Վարչապետն ընդգծել է, որ դա սոսկ անվան փոփոխություն չէ: Սա նաև բովանդակության փոփոխություն է, ընդ որում՝ առանց ժխտելու նախկինում ձևավորված լավագույն ավանդույթները:
Նիկոլ Փաշինյան - Պիտի արձանագրենք, որ Ոստիկանության զորքերն իրենց գոյության 31 տարվա ընթացքում շատ կարևոր խնդիրներ են լուծել Հայաստանի Հանրապետությունում: Եղել են պրոբլեմներ, բարդություններ, բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, Ոստիկանության զորքերը լրջագույն ծառայություն են մատուցել Հայաստանի Հանրապետությանը: Մենք գիտենք, որ Ոստիկանության զորքերն առաջին օրից ամենաանմիջական մասնակցությունն են ունեցել Հայաստանի անվտանգության, արտաքին անվտանգության ապահովման հարցերում: Ուզում եմ գլուխ խոնարհել Ոստիկանության զորքերի այն բոլոր ծառայողների առաջ, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն Հայրենիքի, ովքեր զոհվել են, ընկել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, և առաջարկում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարած ծառայության համար, իրավակարգի, ժողովրդավարության, Սահմանադրության ապահովման և պահպանման դիրքերում մնալու համար: Փաշինյանը հույս է հայտնել, որ վերափոխման արդյունքում հետահայաց հնարավոր կլինի արձանագրել, որ կատարվել է իսկապես բարեփոխում, որը և՛ ձևով, և՛ բովանդակությամբ, և՛ որակով համապատասխանում է լավագույն ցանկություններին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան