500.000 դոլար պարտքի դիմաց Պաշտպանության նախարարությունը 2004-ին Տիգրան Մեծի անվան զբոսայգու տարածքում գտնվող նախկին «Կրեդիտ-Երևան» բանկից ստացել է շինությունը և 1 ամիս անց 90.000 դոլարով վաճառել «Անելիք» բանկին:
Արթուր Սարգսյան (Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ) - Ընդհանրապես պետության անունից գործարքներ կատարելիս գույքի գնահատում պետք է լինի, ենթադրվում է, որ նա գնահատվել է 500 հազարի, և պետության համար առնվազն ընդունելի է եղել էդ գույքի 500 հազար արժողությունը, բայց ընդամենը մեկ ամիս անց նույն գույքը առանց որևէ կառուցվածքային փոփոխության վաճառվել է 90 հազար դոլարով, այսինքն՝ 410 հազար դոլար պակաս:
Ընդ որում՝ ըստ դատախազի՝ պայմանագրով նախարարությունը պարտավորվել է գույքի վաճառքից գոյացած գումարը՝ 500 հազար դոլարը գերազանցելու դեպքում, ավելի գումարը վերադարձնել բանկին:
«Կրեդիտ-Երևան» բանկը իր պարտավորությունը համարել է կատարված 500 հազար դոլարի չափով, մինչդեռ եթե իրական գնահատվել է 90 հազար դոլար, կա՛մ առաջին գործարքն է կեղծիքի արդյունք, կա՛մ երկրորդը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունք: Ընդ որում՝ դա վերաբերում է Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց:
Դատախազը հատկանշական է համարում, որ շենքի ձեռքբերման գործընթացի ժամանակ պետության կողմից հանդես է եկել պաշտպանության նախարարի լիազորված անձը, իսկ այլ բանկին վաճառելու ժամանակ՝ նախարարը, որն այդպիսի գործառույթ չուներ: 2004-ին պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն է եղել: Թե ի սկզբանե բանկը ՊՆ-ին ինչ պարտք է ունեցել, կպարզվի վարույթի ընթացքում, պարզ չէ նաև, թե ինչո՛ւ է Սերժ Սարգսյանը շինությունն օտարել այլ բանկի:
Բացի այդ, ըստ գործի նյութերի, շենքի տարածքը, դեռևս չպարզված հանգամանքներում, առանձնացվել է Տիգրան Մեծի անվան զբոսայգու սահմաններից և դարձել հասարակական կառուցապատման հողամաս:
«2005 թվականին նախագծվել է Երևանի գլխավոր հատակագիծը, և անհասկանալի պայմաններում այգու տարածքից հենց այդ հատվածը դուրս է բերվել Հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկից»:
Փոփոխությունից հետո, ըստ դատախազի՝ շենքից բացի, հողամասը ևս ուղղակի վաճառքով օտարվել է «Անելիք» բանկին: Շինությունն արդեն 2018 թվականին 135 մլն դրամով վաճառվել է երկու քաղաքացիների, նախկին բանկի այդ շենքում այժմ մասնավոր մանկապարտեզ է: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան