Հունիսի 15-ից Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը: Հակարիի կամրջի ապօրինի անցակետով դեպի Արցախ անգամ չեն իրականացվում հումանիտար բեռնափոխադրումներ: Կասեցված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների միջոցով հիվանդների տեղափոխումը հայաստանյան բժշկական կենտրոններ:
Վարդան Թադևոսյան (Արցախի առողջապահության նախարար) - Դեպքը որ ունեցանք՝ ճանապարհը փակվեց, Հակարիի կամրջից հետ վերադարձան բոլոր բուժառուները, ովքեր նախատեսված էր, որ հասնեին ՀՀ բժշկական միավորումներ` տարբեր բժշկական օգնություն ստանալու: Ասեմ, որ տարբեր է: Իհարկե, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանց վիճակը լինի հաստատուն, կայուն՝ մինչ ճանապարհը նորից կբացվի, և եթե կան դեպքեր, որ անհետաձգելի միջամտություն, անհրաժեշտություն կա, արդեն կազմակերպում ենք Ստեփանակերտի բժշկական միավորումներում:
Հիվանդանոցներում դեղորայքային բավարարվածությունն ընդամենը 40, իսկ ամբուլատորիաներում` 20 տոկոս է: Դեղորայքի և բժշկական պարագաների ներկրման անհնարինության պարագայում Հանրապետական բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում փորձում են տնտեսել դեղորայքն ու նյութերը:
Գրիգորի Առուստամյան (Արցախի ՀԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ) - Անմիջապես դադարեցվում են պլանային բոլոր գործողությունները՝ թե՛ վիրահատությունները, թե՛ բժշկական զննումները և սպասարկումները՝ խնայելով մեր ունեցած ռեսուրսները, որը որոշակի ժամանակի համար նախատեսված է, և բնականաբար, քանի դեռ վտանգը պատերազմի սպառված չէ, ամեն պահ մենք սպասում ենք, որ պետք է, հնարավոր է` մեծ քանակով տուժածներ ընդունենք:
Արցախի դեղատներում ևս դեղորայքի պակաս է նկատվում: Դեղագետներն արդեն փոխարինող պրեպարատներ են առաջարկում հաճախորդներին: Մանկական կերի պակաս ևս կա:
Նարինե Պետրոսյան (դեղագետ) - Խիստ սահմանափակվել են, կարելի է ասել` սպառման եզրին են գտնվում սիրտ-անոթային համակարգին վերաբերող դեղապրեպարատները, հատկապես` հակագերճնշումային դեղերը, շաքարային դիաբետի համար նախատեսված դեղերը: Մի առանձին` պրոբլեմատիկ մաս են կազմում մանկական սնունդը, տակդիրները, հիգիենայի պարագաները, որոնց մեծ մասն արդեն սպառվել է, որոշ տեսակներ ընդհանրապես չկան:
Վառելիքի պակասով պայմանավորված՝ շատերը ստիպված են հիվանդանոց հասնելու համար շտապօգնություն կանչել, ինչն էլ ծանրաբեռնել է ծառայության աշխատանքը: 175 բուժառու սպասում է հայաստանյան բժշկական կենտրոններ տեղափոխվելու հնարավորությանը: Նրանք հիմնականում ունեն ուռուցքային և սիրտ-անոթային հիվանդություններ։ Բարդ է հատկապես ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների խնդիրը:
Վարդան Թադևոսյան - Այսօրվա դրությամբ հանրապետական բժշկական միավորումում ստացիոնար բուժում են ստանում 102 հիվանդներ, որոնցից վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Բոլորը ստանում են համապատասխան բուժումներ մեր մասնագետների կողմից: Մանկական «Արևիկ»-ում 34 ստացիոնար բուժվողներ կան, որոնցից 5-ը՝ վերակենդանացման բաժանմունքում:
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը. ֆեյսբուքում ահազանգում է Արցախի պետնախարարի խորհրդականը: Արտակ Բեգլարյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե
Ադրբեջանի ապօրինի անցակետում ինչպես են զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը: Բեգլարյանը նշել է՝ Արցախի 120 հազար բնակչությունը լիակատար մեկուսացման ու պաշարման մեջ է, բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը: