Հայաստանի տարածքով երթուղիները վերահսկվելու են Հայաստանի՞ օրենսդրությամբ: Ճեպազրույցի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարճ արձագանքեց՝ դա միանշանակ է:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ФСБ-ն կանգնելու այդ ճանապարհին, նա արձագանքեց. «Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ФСБ-ն կանգնելու է: Նախ՝ եկեք խոսենք ФСБ-ի կազմում գործող սահմանապահ զորքերի մասին, որպեսզի հստակ լինենք, թե ինչի մասին է խոսքը, եթե դուք մեջբերում եք նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Եվ երկրորդ՝ գործառույթի իրականացման ձևի մասով դեռևս քննարկումներ պետք է լինեն»:
Մհեր Գրիգորյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի երեկվա հայտարարությանը, թե հայկական և ադրբեջանական կողմերը հասել են լուրջ համաձայնության նաև ապաշրջափակման մասով:
«Մի շատ կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացն սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը. խոսակցությունը երկաթգծի մասին է։
Ես կարծում եմ՝ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկաթգիծն անցնելու է։ Դա էլ է շատ կարևոր և շատ ֆունդամենտալ համաձայնություն:
Մնացած հարցերի շուրջ դետալներ չեմ բացի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա»,- նշեց Գրիգորյանը, ապա հավելեց, որ եռակողմ հարթակի բոլոր մասնակիցները կիսում են այդ ընկալումը: