Ղազախական կողմն առաջարկել է դադարեցնել Սիրիայի հարցով «Աստանայի» ձևաչափով բանակցությունները: Ղազախստանի փոխարտգործնախարար Կանատ Թումիշն Աստանայում բանակցությունների հերթական՝ 20-րդ փուլին հաջորդած լիագումար նիստի ժամանակ խնդրել է այդ առաջարկը ներառել հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ նման նախաձեռնության պատճառներից մեկն այն է, որ Սիրիան արդեն վերադարձել է արաբական ընտանիք, կարգավորվում են հարաբերությունները Թուրքիայի հետ։
«Անկարան ևս ցանկանում է վերականգնել հարաբերությունները Դամասկոսի հետ։ Սիրիան այլևս մեկուսացած չէ տարածաշրջանում, դա նշանակում է, որ Աստանայի գործընթացը հասել է իր նպատակին»,- նշել է Ղազախստանի փոխարտգործնախարարը:
Նա հավելել է՝ բարելավվում են նաև սիրիական հակամարտության հարցում հակառակ դիրքորոշումներ ունեցող Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները, ինչը, Թումիշի խոսքով, լուրջ առաջընթաց է:
Սիրիական կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար Աստանայի հարթակը փակելու՝ Ղազախստանի ԱԳՆ-ի որոշումը անակնկալ է եղել գործընթացի մասնակիցների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի սիրիական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։
«Կարծում եմ, որ մեր երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարությունը կդիտարկի այդ առաջարկը և կկայացվի համաձայնեցված որոշում հաջորդ հանդիպման վայրի վերաբերյալ: Բանակցությունների գործընթացը կշարունակվի»։