Հայաստանից բեռնատարները «Վերինի Լարս» մաքսային անցակետում մաքսազերծվում են առաջնահերթության սկզբունքով: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է մաքսակետի պետի տեղակալ Գեորգի Ցեգոևը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը դրական էր գնահատել «Վերին Լարս» մաքսային անցակետի արդիականացումը, որն ընդլայնվել է մինչև 39 գոտիով: Նրա խոսքով ՝ «խցանումներ չկան, ճանապարհներն ազատ են, մաքսատունն աշխատում է»։
Ըստ ԴՄԾ-ի տվյալների՝ բեռների գրեթե կեսը (48%) գալիս է Հայաստանից։
«Առաջին հերթին ստուգվում են Հայաստանից բեռնատարները, որոնց համար նախատեսված է ևս 100 տեղ Հարավային դարպասի մոտ, որտեղ հնարավոր է նաև մաքսային լիարժեք գործողություն իրականացնել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել էին Վերին Լարսի մաքսակետի վերակառուցման հարցը։ Փաշինյանը նշել էր, որ այս աշխատանքների ավարտը կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Ռուսաստանը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել անցակետի վերակառուցման ուղղությամբ։ Այն Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ամենաբանուկ անցակետն է։ Մայիսին Վերին Լարսի երթևեկության 25 գոտիներին ավելացվել էին 11-ը, իսկ հունիսի 15-ին գործարկվել է ևս 3 գոտի։