Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից:
«Պարոն Ֆուկուշիման առաջին անգամ է այցելում Սյունիք, և մարզպետը ողջունեց ու շնորհակալություն հայտնեց այցի համար։
Նշելով, որ ՀՀ-ն կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար՝ դեսպանը փաստեց, որ միևնույն ժամանակ հայ-ճապոնական գործընկերությունը տարբեր ոլորտներում շատ զարգացած չէ, ու ինքը շահագրգռված է աշխատել այդ կապերի ընդլայնման ուղղությամբ։
Նա հատկապես կարևորեց տնտեսական կապերի զարգացումը, մշակույթի ոլորտում, երիտասարդության շրջանում փոխանակման ծրագրերը, ինչպես նաև ճապոնացի զբոսաշրջիկներին Հայաստանի ներուժը ներկայացնելը։
Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մարզային իշխանությունն իր հերթին ամեն ինչ կանի այդ գործընկերությունը մարզային մակարդակում խորացնելու համար։
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նաև Ճապոնիայի դեսպանատան կողմից Սյունիքում իրականացված ծրագրերի համար՝ նշելով, որ դրանք միշտ բարձր որակով են իրականացվում։ Խոսվեց, մասնավորապես, Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին աջակցության, մարզի առողջապահական հիմնարկներին տրամադրված շտապօգնության մեքենաների, նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղադրված արևային էներգիայի վահանակների ու այլ ծրագրերի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բարձրաստիճան դիվանագետին հետաքրքրում էր նաև Սյունիքի սահմաններին տիրող ու մարզի բնակչության անվտանգային վիճակը, որը ևս Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է հյուրին.
«Ամենակարևորն այն է, որ մարդիկ ամուր կանգնած են ու ապրում են իրենց հողում, իսկ Ձեր այցն այս օրերին ևս մեկ կարևոր ազդակ է մեր բնակիչների համար, և ճապոնական կողմի իրականացրած ծրագրերը նշանակում են, որ Սյունիքը շարունակում է զարգանալ»։