ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե և կից նախագծերի փաթեթին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջարկվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը, ինչպես նաև հրագործական արտադրատեսակների ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առևտուրը և կիրառումը, դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
Հեղինակի հավաստմամբ` ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը և առևտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն հաշվի առնելով, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական և այլ բաղադրիչներ, անհրաժեշտություն է առաջացել գործընթացը` ներկրումից մինչև շահագործում, բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու համար:
Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարության գործընկերների հետ համատեղ կատարվել են մի շարք փոփոխություններ: Արդյունքում ներկայացվել է օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը: Ըստ նրա` խստացվել է վերահսկողության վերաբերյալ դրույթը` անչափահաս քաղաքացիներին արգելվելու է հրագործական արտադրատեսակների վաճառքը: Հրավառություն կթույլատրվի պետության և համայնքային մասնակցությամբ միջոցառումների ժամանակ:
Պատասխանելով հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի` միջազգային փորձը հաշվի առնելու վերաբերյալ հարցին` հիմնական զեկուցողը փաստել է, որ եվրոպական երկրներից շատերն առավել խիստ սահմանափակումներ են կիրառում:
Հովիկ Աղազարյանը մտահոգություն է հայտնել, թե խստացումները հնարավոր է բերեն ինքնաշեն պայթուցիչների պատրաստման:
Սիսակ Գաբրիելյանի խոսքով` երեխաների մեծ մասը տարված է համակարգչային խաղերով:
Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը` կարևորելով համատեղ գործակցությունը:
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: