ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺ Է ԿԻՐԱՌԵԼ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ադրբեջանի Սոյուդլու գյուղի բնակիչների և ոստիկանության միջև բախումներ են եղել: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ գյուղացիները բողոքում են բնակավայրում ևս մեկ արհեստական լճի կառուցման դեմ, որը նախատեսված է Գադաբայի ոսկու հանքավայրից քիմիական թափոնների հեռացման համար:
Իրավապահները, սակայն, արցունքաբեր գազ են կիրառել, մահակներով դաժանորեն ծեծել են ցուցարարներին, հիմնականում՝ տարեց մարդկանց: Հաղորդվում է 10-ից ավելի տուժածների և ձերբակալվածների մասին:
Երկրի ներքին գործերի նախարարությունը միջադեպից հետո հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ծառայողական քննություն է սկսել՝ քննելու ոստիկանների գործողությունները:
ԲԱՅՐԱՄՈՎԸ ԵՎ ԴՈՔԵՐԹԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Լոնդոնում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Միացյալ Թագավորության Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։ Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները, տարածաշրջանում անվտանգային խնդիրները:
Հանդիպումից հետո Դոքերթին Թվիթերում գրառում է կատարել, նշել՝ Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը միասին պայքարում են համաշխարհային սպառնալիքների դեմ: Նա հույս է հայտնել, որ Բաքուն և Լոնդոնը կխորացնեն գործակցությունը անվտանգության, առևտրի և մշակույթի ոլորտներում:
ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ՝ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ» ՇՈՒՏՈՎ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԻ. ԲԱԶԱՐՓԱՇԱ
Ադրբեջանա-իրանական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշան հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել Հյուսիս-հարավ տրանսպորտային երթուղու և տնտեսական հարաբերությունների զարգացման հետ կապված հարցերի շուրջ: Բազարփաշան հույս է հայտնել, որ Հյուսիս-հարավը շուտով կյանքի կկոչվի:
ՈՒԿՐԱԻՆԱՆ 3 ԱԹՍ Է ԱՐՁԱԿԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական կողմը 3 անօդաչու թռչող սարք է արձակել Մոսկվայի մարզի ուղղությամբ, սակայն ռուսական ուժերին հաջողվել է խոցել դրանք: Պաշտպանական գերատեսչությունը տեղի ունեցածը ահաբեկչության փորձ է որակել: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ուկրաինական կողմը ևս հայտնել է ռուսական հարվածների մասին: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրի տարածքի ուղղությամբ արձակվել է 33 հարվածային անօդաչու թռչող սարք, 30-ը ոչնչացվել են: Օդային տագնապի ազդանշան է գործարկվել Ուկրաինայի հյուսիսային և կենտրոնական մի շարք շրջաններում, ինչպես նաև արևմտյան հատվածներում:
ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳՇ
Ուկրաինական կողմը հայտնում է՝ հակահարձակումը շարունակվում է, երկրի զինված ուժերը առաջ են շարժվում և այժմ ամրապնդում դիրքերը հարավային ուղղությամբ։
Ուկրաինայի գլխավոր շտաբի խոսնակը հայտնել է, որ երկրի պաշտպանության ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղությամբ և զսպում ռուսական զորքերի հարձակումներն արևելքում։ Անդրիյ Կովալևը հավելել է, որ ռուսական կողմը հիմնականում պաշտպանվում է, փորձում թույլ չտալ ուկրաինացի զինվորականների առաջխաղացումը և վերականգնել կորցրած դիրքերը։
Ավելի վաղ՝ գլխավոր շտաբը տեղեկացրել էր, որ ռուսական ուժերը հիմնականում կենտրոնացած են Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններում: