Եվրոպական հանձնաժողովն ուշագրավ զեկույց է հրապարակել, որը բացահայտում է հայերի նկատմամբ Ադրբեջանի իրական վերաբերմունքը՝ ատելության խոսք, ագրեսիվ հռետորաբանություն, որոնք եղել են և՛ 44 օրյա պատերազմից առաջ, և՛ առավել ևս դրանից հետո, ընդ որում՝ նշվում է, որ ագրեսիան հետպատերազմական շրջանում սրվել է: Որպես ցցուն օրինակ նշվել է Բաքվի այսպես կոչված ռազմավարի պուրակը, ինչը ռասիզմի և անհանդուրժողականության ակնհայտ դրսևորում է:
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի մասին վեցերորդ զեկույցն է հրապարակել, որի համաձայն՝ այդ երկրում ցանկացած մարդ քաղաքական դիրքորոշման և գենդերային հիմքով կարող է խտրականության ենթարկվել: Նշվում է, որ Ադրբեջանում ատելության խոսքի թիրախում հիմնականում հայերն են:
Հանձնաժողովը դեռ հինգերորդ զեկույցում Ադրբեջանում քաղաքական գործիչներին խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ հայերի դեմ ատելության խոսքից, որը երկարատև հակամարտության ֆոնին ավելի է արմատացել: Լարվածությունը սրվեց 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների ընթացքում, որոնք դադարեցվեցին նոյեմբերի 9-ին՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ:
Զեկույցի համաձայն՝ 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո ադրբեջանցի քաղաքական գործիչները ամենաբարձր մակարդակով հրապարակայնորեն ագրեսիվ հռետորաբանություն են վարել՝ ատելության խոսք տարածելով նաև ավանդական լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով:
2021 թվականի ապրիլին բացվեց Բաքվի ռազմավարի պուրակը, որը մեծ քննադատության արժանացավ: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը կիսում է միջազգային մարմինների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի մտահոգությունները՝ «ագրեսիայի լեզվի» դիմելու և պարբերաբար թշնամական թեզեր առաջ քաշելու առնչությամբ, ինչն արմատացնում է ռասիստական կարծրատիպերը և հավերժացնում թշնամանքը:
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Բաքուն չի պայքարում և բարձր մակարդակով չի դատապարտում ատելության խոսքը, կոչ անում հնարավոր բոլոր միջոցներով աշխատել երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Ադրբեջանում դպրոցական դասագրքերում ևս խտրական վերաբերմունք կա հայերի նկատմամբ: Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում, որ հարևան երկրի նկատմամբ ատելության խոսք է նկատվում երիտասարդների շրջանում դպրոցներում և դպրոցից դուրս, ինչը կարող է հետագա թշնամանքի համար հող նախապատրաստել:
Զեկույցի համաձայն՝ Հանձնաժողովը բազմաթիվ հաղորդումներ է ստացել 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո հայերի դեմ բռնության, կամայական սպանությունների, նրանց գույքի ոչնչացման մասին:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՈՅՈՒԴԼՈՒ ԳՅՈՒՂՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի Սոյուդլու գյուղում ցույցերը շարունակվում են: Լրատվամիջոցների տվյալով՝ գյուղացիները բողոքում են բնակավայրում ևս մեկ արհեստական լճի կառուցման դեմ, որը նախատեսված է Գետաբեկի շրջանի ոսկու հանքավայրից քիմիական թափոնների հեռացման համար: Գյուղացիների և տեղական իշխանությունների միջև բանակցություններ են ընթանում, սակայն չեն դադարում նաև իրավապահների և ցուցարարների միջև բախումները: Նույնն էր պատկերը նաև երեկ: Իրավապահներն արցունքաբեր գազ էին կիրառել, մահակներով դաժանորեն ծեծել ցուցարարներին, հիմնականում՝ տարեց մարդկանց: Հայտնի է 10-ից ավելի տուժածների և ձերբակալվածների մասին:
Երկրի ներքին գործերի նախարարությունը միջադեպից հետո հաղորդագրություն է տարածել, հայտնել՝ ոստիկաններից մեկի գործողությունների կապակցությամբ հետաքննություն է անցկացվում:
ՍԻՐԻԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՐԱԲԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ. ԹՈՒՄԻՇ
Ղազախական կողմն առաջարկել է դադարեցնել Սիրիայի հարցով «Աստանայի» ձևաչափով բանակցությունները: Ղազախստանի փոխարտգործնախարար Կանատ Թումիշը Աստանայում բանակցությունների հերթական՝ 20-րդ փուլին հաջորդած լիագումար նիստի ժամանակ խնդրել է այդ առաջարկը ներառել հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ նման նախաձեռնության պատճառներից մեկն այն է, որ Սիրիան արդեն վերադարձել է արաբական ընտանիք։
«Անկարան ևս ցանկանում է վերականգնել հարաբերությունները Դամասկոսի հետ։ Սիրիան այլևս մեկուսացած չէ տարածաշրջանում, դա նշանակում է, որ Աստանայի գործընթացը հասել է իր նպատակին»,- նշել է պաշտոնյան:
Նա հավելել է՝ բարելավվում են նաև սիրիական հակամարտության հարցում հակառակ դիրքորոշումներ ունեցող Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները, ինչը, Թումիշի խոսքով, լուրջ առաջընթաց է:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ուկրաինական կողմը հայտնում է՝ հակահարձակումը շարունակվում է, երկրի զինված ուժերը առաջ են շարժվում և այժմ ամրապնդում դիրքերը հարավային ուղղությամբ։ Ուկրաինայի գլխավոր շտաբի խոսնակը հայտնել է, որ երկրի պաշտպանության ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղությամբ և զսպում ռուսական զորքերի հարձակումներն արևելքում։
Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը հիմնականում կենտրոնացած են Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններում:
Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ հակահարձակումն ավելի դանդաղ է առաջ գնում, քան Կիևը կցանկանար: «Սակայն սա հոլիվուդյան ֆիլմ չէ: Խոսքը մարդկային կյանքերի մասին է»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Նա հերթական անգամ հորդորել է ՆԱՏՕ-ին անվտանգության երաշխիքներ, այնուհետև անդամակցություն տրամադրել Կիևին:
Զելենսկին նաև հավելել է՝ Ուկրաինան դեմ է հակամարտության սառեցմանը և բանակցությունների սեղանի շուրջ չի նստի, մինչև ռուսական ուժերը դուրս չբերվեն երկրի տարածքից: