Հոնդուրասի կանանց բանտում երկու հակառակորդ հանցախմբերի բախման ու դրա հետևանքով առաջացած հրդեհից 41 մարդ է մահացել։ Կանանց մեծ մասը մահացել է հրդեհից, 16 մարդ ստացել է դանակի և հրազենային մահացու վնասվածքներ։ Եվս 5 կին հոսպիտալացվել է։
Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայից հյուսիս-արևմուտք գտնվող բանտում ողբերգությունը տեղի է ունեցել երկու խոշոր հանցախմբերի՝ Mara Salvatrucha-ի և նրա հակառակորդ Barrio 18-ի միջև կոնֆլիկտի պատճառով, որոնց պատկանում էին մահացածներն ու զոհերը։
Երկրի նախագահը խոստացել է «վճռական քայլեր» ձեռնարկել և կեսգիշերին աշխատանքից ազատել է անվտանգության նախարարին։
Հոնդուրասը տառապում է կոռուպցիայից և ահաբեկչությունից, որոնց իրականացնողները հարևան Գվատեմալայում և Էլ Սալվադորում էլ զբաղվում են ռեկետով, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և վարձու սպանություններով: Անցյալ տարի Հոնդուրասը գրանցել է սպանությունների չափազանց բարձր մակարդակ՝ 40 մարդ 100.000 բնակչի հաշվով, ինչը չորս անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը՝ հակամարտության գոտիներից դուրս: