ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև վերջերս ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, թե Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին և ստիպում է երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:
«Նախ՝ այդ հրապարակումը, ցավոք, արժանահավատ է։ Երկրորդ՝ Ռուսաստանը պատրաստ է նպաստելու Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը, ինչի մասին մենք բազմիցս հայտնել ենք շահագրգիռ կողմերին»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է՝ Մոսկվան արդեն ապացուցել է, որ հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին և պատրաստ է քայլ առ քայլ աշխատել բոլոր ուղղություններով։ «Բայց այդ ճանապարհը հեշտ չէ»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։