Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ պատասխանել է հունիսի 15-ին Երասխի շրջանում գնդակոծությունների մասին հարցին:
«Հունիսի 15-ին Երասխի շրջանում տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ։ Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել մեր խորհրդատվական աջակցությամբ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքները։ Մենք պատրաստ ենք օգնել որոշելու սահմանային գծի անցումն այս հատվածում, որը դարձել է կողմերի միջև հերթական կռվախնձորը։
Ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները բացարձակապես անհիմն են, և մենք խստորեն խորհուրդ կտանք նվազեցնել այդ կապակցությամբ լրատվամիջոցների հռետորաբանության աստիճանը։
Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրադրությունը կարգավորելու համար՝ հստակ կատարելով իրավիճակը կայունացնելու, իրենց պատասխանատվության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պահպանելու խնդիրները»։