ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները չորեքշաբթի համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, հայտնում է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։
«Այսօր ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի հարցում»,- գրել է Նախագահությունը Twitter-ում։
Փաթեթը ներառում է միջոցներ, որոնք ուղղված են պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին, դրանք կկիրառվեն 70 անձի նկատմամբ, որոնք, ի թիվս այլ բաների, պատասխանատու են երեխաների անօրինական արտաքսման համար, նաև ավելի քան 30 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք շրջանցում են պատժամիջոցները, աջակցում են ռուսական ռազմական ջանքերին:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 11-րդ փաթեթում ընդգրկված է նաև ռուսական «Դրուժբա» նավթատարի հարավային ճյուղով նավթի տարանցման արգելք։