Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Ադրբեջանի մասին վեցերորդ զեկույցը, որի համաձայն՝ այդ երկրում ցանկացած մարդ քաղաքական դիրքորոշման և գենդերային հիմքով կարող է խտրականության ենթարկվել: Նշվում է, որ Ադրբեջանում ատելության խոսքի թիրախում հիմնականում հայերն են:
Հանձնաժողովը դեռ հինգերորդ զեկույցում Ադրբեջանում քաղաքական գործիչներին խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ հայերի դեմ ատելության խոսքից, որը երկարատև հակամարտության ֆոնին ավելի է արմատացել:
Զեկույցի համաձայն՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո ադրբեջանցի քաղաքական գործիչներն ամենաբարձր մակարդակով հրապարակայնորեն ագրեսիվ հռետորաբանություն են վարել՝ ատելության խոսք տարածելով նաև ավանդական լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով: Հանձնաժողովը բազմաթիվ հաղորդումներ է ստացել հայերի դեմ բռնության, կամայական սպանությունների, նրանց գույքի ոչնչացման մասին: 2021 թվականի ապրիլին բացվեց Բաքվի ռազմավարի պուրակը, որը մեծ քննադատության արժանացավ:
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը կիսում է միջազգային մարմինների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի մտահոգությունները՝ «ագրեսիայի լեզվին» դիմելու և պարբերաբար թշնամական թեզեր առաջ քաշելու առնչությամբ, ինչն արմատացնում է ռասիստական կարծրատիպերը և հավերժացնում թշնամանքը:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում դպրոցական դասագրքերում ևս խտրական վերաբերմունք կա հայերի նկատմամբ: Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում, որ հարևան երկրի նկատմամբ ատելության խոսք է նկատվում երիտասարդների շրջանում, դպրոցներում և դպրոցից դուրս, ինչը կարող է հետագա թշնամանքի համար հող նախապատրաստել:
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Բաքուն չի պայքարում ու բարձր մակարդակով չի դատապարտում ատելության խոսքը, նաև կոչ է անում հնարավոր բոլոր միջոցներով աշխատել երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ: