Փոփոխություններ Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում. նախորդ տարի մեկնարկած այս գործընթացի շրջանակում ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց տունը:
Պետությունը սուբսիդավորում է նաև ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը։ Միասնական սոցիալական ծառայության հետ գործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում իրականացնում է մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում։ Ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել, որ շահառուների համար այս ընթացքում որոշ խոչընդոտներ են ի հայտ եկել:
Գայանե Ղարագյոզյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական) - Դա վերաբերում է կանխավճարի բացակայությանը, դա վերաբերում է գույքի արժեքին, վարկային պատմության հետ կապված խնդիրներին և այլն: Եվ այս բոլոր խնդիրների ուսումնասիրության արդյունքում որոշում կայացվեց ծրագրում իրականացնել դրական փոփոխություններ:
Ծրագրին առցանց դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 30-ը, հավաստագրերի գործողության ժամկետն էլ՝ մինչև 2024-ի հուլիսի 1-ը: Նախկին կարգավորմամբ՝ մարզային բնակավայրում գույք ձեռք բերելու դեպքում շահառուն պետք է ունենար առնվազն 5 տոկոս կանխավճար, իսկ այժմ սահմանաչափը նվազեցվել է մինչև 2.5 տոկոս:
Գայանե Ղարագյոզյան - Հաջորդը այն ընտանիքներին է վերաբերում, ովքեր ունեն առնվազն 4 անչափահաս երեխա, կամ ընտանիքի բոլոր ադնամների 65 տարին լրացած է, այսինքն՝ բացառապես 65 տարին լրացած անդամներից կազմված ընտանիքներ են. այս դեպքում կանխավճարի չափը իջեցվել է նվազագույնի, այսինքն՝ 1 տոկոս:
Ուժը կորցրած է ճանաչվել այն պայմանը, որ շահառուի դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամսում ձեռք բերվող անշարժ գույքը չպետք է օտարված լինի։ Այն ընտանիքները, որոնք հավաստագրով անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն ոչ սահմանամերձ բնակավայրերում, որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում կամ արդեն կառուցվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, նրանց համար աջակցության չափը կավելանա՝ 10 միլիոնի փոխարեն 12 մլն դրամ: Մեկ այլ փոփոխությամբ էլ հստակեցվել են հավաստագրում փոփոխությունների ընթացակարգերը:
Գայանե Ղարագյոզյան - Այսինքն՝ եթե հավաստագրում ներառված ընտանիքի որևէ անդամ մահացել է, կամ ընտանիքի որևէ անդամ ցանկանում է հրաժարվել իր մասնաբաժնից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս ունի վատ վարկային պատմություն, և իր պատճառով ամբողջ ընտանիքը չի կարողանում վարկավորվել, նման դեպքերում շահառուները նոր իրավակարգավորմամբ սահմանված ընթացակարգով կարող են դիմել ՄՍԾ, գրել դիմում, ներկայացնել խնդիրը:
Այս փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 19-ից: Տարածվում են բացառապես այն ընտանիքների վրա, որոնք նոր պետք է ձեռք բերեն անշարժ գույք կամ կառուցեն անհատական բնակելի տուն: Ծրագրի շրջանակում արդեն հավաստագիր է ստացել 3612 ընտանիք, որից 820-ն ավարտել է հիփոթեքային վարկավորման գործընթացը։ Նրանցից 9-ը Երևանում է գույք ձեռք բերել, 6-ը՝ Արցախում, մնացածը՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան