ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը:
Ալեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ այս այցը հնարավորություն կտա տեղում ծանոթանալու իրավիճակին:
Նա շեշտել է, որ մեր երկիրը մեծապես կարևորում է Եվրոպական խորհրդարանի աներկբա դիրքորոշումը Հայաստանի համար կարևորագույն մի շարք հարցերի վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահն այս համատեքստում հիշատակել է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ոտնձգությունների, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցերը, որոնք ամրագրվել են Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձևերում ու զեկույցներում:
«Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկերը և ես ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու, այդ թվում` CEPA-ի դրույթների իրականացման հարցում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման որոշման շուրջ, որն էականորեն նպաստել է մեր արևելյան սահմաններին հարաբերական կայունության հաստատմանը:
Անդրադարձ է եղել Հայաստանին աջակցություն հատկացնելու խնդրանքով Եվրոպական միության հետ պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի համագործակցության ընդլայնմանը: