Պետական սահմանի պահպանությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ 2020 թվականի դեկտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստորաբաժանումներից փուլային տարբերակով պահպանության են ընդունել հայ-ադրբեջանական պայմանական սահմանի որոշ հատվածներ։ Նոր ձևավորված տեղամասի պահպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանն այցելել է Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերի N ջոկատ, և մասնակցել սահմանապահ ջոկատի նորակառույց 5 ուղեկալների և դրանց կից՝ սպայական կացարանների շահագործման հանձնելու բացման արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Հայրապետյանը և պաշտոնատար այլ անձինք։
Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով։
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ տարածաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ փաստացի ավելացել է պետական սահմանի ձգվածությունը: Եթե դրան ավելացնենք նաև սահմանային անվտանգության ռիսկերի և սպառնալիքների տարածաշրջանում տարածված գրեթե ողջ սպեկտրը՝ նարկոթրաֆիքից մինչև ահաբեկիչների տեղափոխում, անօրինական միգրացիայից մինչև մաքսանենգություն, ապա Սահմանապահ զորքերի վերազինումն ու արդիականացումը ժամանակի հրամայական է:
«Սյունիք», «Ճակատեն», «Եղվարդ», «Կաղնուտ», «Դավիթ Բեկ» սահմանապահ ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ և այլ անհրաժեշտ պարագաներով։
Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակաբար համալրվում են տարբեր նշանակության տեխնիկական միջոցներով, կահավորվել է 18 սահմանապահ կետ, կառուցվել են խրամատներ, կրակակետեր և ցանցարկղերով սարքավորված դիտման կետեր։
Սահմանապահ զորքերի N ջոկատի պետը ԱԱԾ տնօրենին զեկուցեց ջոկատի պահպանվող տեղամասում տիրող առկա օպերատիվ իրավիճակը, ներկայացրեց նորակառույց ուղեկալների հագեցվածությունը՝ ժամանակակից սպառազինությամբ, կապի և սահմանի պահպանության տեխնիկական միջոցներով ու այլ պարագաներով։
ԱԱԾ տնօրենը շրջայց կատարեց նորակառույց 5 ուղեկալներում՝ ծանոթացավ զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին, ինչպես նաև կարևորեց հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանումը։
Այցի ընթացքում Արմեն Աբազյանը ծանոթացավ նաև նորակառույց ուղեկալների սպայական կացարանների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են ուղեկալներում սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։
ԱԱԾ տնօրենը եղավ նաև սահմանապահ կետերից մեկում, ծանոթացավ սահմանապահ զինծառայողների ծառայության պայմաններին և առանձնահատկություններին։
Այցի ավարտին ԱԱԾ տնօրենը համապատասխան հանձնարարականներ տվեց սահմանապահ զորքերի հրամանատարությանը։