ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՐՎԱԾԵԼ ՌԴ ՏԱՐԱԾՔԻՆ. ՇՈՅԳՈՒ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե Ուկրաինայի Զինված ուժերը մտադիր են HIMARS և Storm Shadow համակարգերի կիրառմամբ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ այդ թվում Ղրիմին»: Նրա խոսքով՝ հրթիռների կիրառումը ռազմական գործողության գոտուց դուրս կնշանակի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լիակատար ներգրավվածություն հակամարտությանը: Շոյգուի խոսքով նմանօրինակ գործողությունները կենթադրեն անհապաղ հարվածներ Ուկրաինայի տարածքում որոշումների կայացման կենտրոններին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը մանրամասներ է հայտնել «Բանակ-2023» համաժողովի մասին: Նրա խոսքով, ֆորումի շրջանակում նախատեսվում է անցկացնել ավելի քան 300 գիտական և բիզնես միջոցառում՝ զինված ուժերի զարգացման, Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի և միջազգային ռազմատեխնիկական համագործակցության արդիական ասպեկտների վերաբերյալ։ Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ 41 օտարերկրյա պետություններ պատրաստակմություն են հայտնել պատվիրակություն ուղարկել միջազգային ռազմատեխնիկական ֆորումին:
ԿԻԵՎԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՐԵՎԷ ԿԱՅՈՒՆ ՀԻՄՔ ՉԿԱ. ՊԵՍԿՈՎ
Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ Կիևի հետ բանակցությունների համար որևէ կայուն հիմք չկա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով ռուսական կողմը բաց է երկխոսության համար, ինչի մասին վկայում է նաև աֆրիկյան պատվիրակության հետ ՌԴ նախագահի հանդիպումը:
Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Աստանայում ընթացող՝ Սիրիայի հարցով 20-րդ բանակցություններին։ Նա ընդգծել է՝ հանդիպումից չափազանցված ակնկալիքներ պետք չէ ունենալ։
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԵՎՍ 3 ՕՐ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ներկա են գտնվել «Օդային պաշտպան 2023» լայնածավալ զորավարժություններին։ Նրանք Շլեզվիգ-Հոլշտայնում գտնվող ավիաբազայում հետևել են վարժանքների ընթացքին, սպառազինության համակարգերի ցուցադրությանը, շփվել զինծառայողների հետ:
Զորավարժությունները կշարունակվեն ևս 3 օր: ՆԱՏՕ-ն սկսել է իր պատմության մեջ ռազմաօդային ուժերի տեղակայման ամենախոշոր զորավարժությունները, որոնց մասնակցում է 250 ռազմական ինքնաթիռ, 10,000 զինծառայող ՆԱՏՕ-ի 25 և գործընկեր երկրից, այդ թվում՝ Ճապոնիայից և Շվեդիայից:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ընդունել է Չինաստանի վարչապետ Լի Ցիանգին: Հանդիպման օրակարգում ներառված է կլիմայական մարտահրավերների դեմ պայքարը և դրա հետ կապված տնտեսական խնդիրները, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները և ուկրաինական պատերազմը։ Երկու երկրի միջև միջկառավարական խորհրդակցությունները վերջին անգամ տեղի են ունեցել 2018 թվականին։
ՍՈՒԴԱՆԸ ՄՈՏ 1.5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ
Միջազգային դոնորները խոստացել են մոտ 1,5 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Սուդանին և տարածաշրջանին՝ արձագանքելով ՄԱԿ-ի կոչին՝ ավելացնելու օգնությունը շարունակվող հակամարտության ֆոնին, որի պատճառով մոտ 2,2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Գերմանիան, մասնավորապես, նախատեսում է տրամադրել 200 մլն եվրո, Միացյալ Նահանգները՝ 171 մլն դոլար իսկ Կատարը՝ 50 մլն դոլար:
Սուդանի բանակի և Արագ աջակցության ուժերի միջև սկսված հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 3000 մարդ, իսկ մայրաքաղաք Խարթումը վերածել է պատերազմական գոտու:
Ըստ Միավորված ազգերի կազմակերպության Սուդանում մարդասիրական օգնության և փախստականներին աջակցելու համար այս տարի անհրաժեշտ է հավաքել 3 միլիարդ դոլար: